Հոդվածի հեղինակը (որի ինքնությունն ինչպես միշտ դժվար չէ գուշակել) փորձել է ներկայացնել տնտեսական զարգացման «փաշինյանական մոդելը» դա հակադրելով «քոչարյանական մոդել»-ին:
«Փաշինյանական մոդել»-ի հիմքում, որը հեղինակը պայմանականորեն անվանել է «առանց անգլերենի հնարավոր չէ մոշ աճեցնել» ընկած է անգլերենի իմացությունը, որը թույլ կտա հայաստանցի մոշ աճեցնողին, կոշկակարին, ինժեներին, բժշկին, ծրագրավորողին և այլ մասնագետներին իրենց ոլորտում մրցունակ լինել: Այն հարցին, թե միայն անգլերենի իմացությամբ ինչպես կարելի է տնտեսական մրցունակության ու դրա արդյունքում «տնտեսական հեղափոխության» հասնել թող պատասխանեն տնտեսագետները: Կարևոր կետն այն է, որ հոդվածագրի համոզմամբ դա «շատ ավելի բարդ ճանապարհ է, արդյունքներն էլ կերեւան ավելի ուշ»: Նշանակում է հույս կապելով «փաշինյանական մոդել»-ի հետ դեռ երկար ժամանակ «տնտեսական հեղափոխության» ու «տնտեսական զարգացման» ակնկալիք չպիտի ունենալ:
Միևնույն ժամանակ «անհայտ» հոդվածագիրը մերժում է «քոչարյանական մոդել»-ը, որի հիմքում ընկած է արտասահմանյան ընկերություններին կամ մեծահարուստ սփյուռքահայերին Հայաստան հրավիրելը (արտաքին ներդրումներ ներգրավելը), քանի որ դա համարում է «ազգային հարստությունը «ջրի գնով» նվիրել նրանց, արտոնյալ պայմաններ ստեղծել, թույլ տալ, որ Հայաստանն օգտագործվի որպես հումքային կցորդ եւ էժան աշխատուժի աղբյուր, ու այդ ճանապարհով հասնել տնտեսական որոշակի աշխուժացման»: Պարզ բառերով բացատրած ըստ հոդվածագրի արտաքին ներդրումներով չի կարելի տնտեսական կայուն զարգացում ապահովել, քանի որ այդպիսով «ընդերքը կթալանվի, ենթակառուցվածքները կդառնան օտարների սեփականությունը, շահույթի մեծ մասը դուրս կբերվի երկրից, իսկ բնակչությունը կմնա նույն էժան աշխատուժը»: Հոդվածագրի հայտնած տեսակետի քննարկումը նույնպես թողնելով տնտեսագետներին, կարելի է արձանագրել, որ վերջին 2,5 տարվա ընթացքում այդքան սպասված արտաքին ներդրումներն այս պահից դառնալով «քոչարյանական մոդել»-ի բաղադրիչ տարր ու բնականաբար հակադրվելով փաշինյանական «առանց անգլերենի հնարավոր չէ մոշ աճեցնել» մոդելին դառնում են անկարևոր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել