«Քաղաքական աշնան մոտենալուն պես՝ թեժ աշնան թեմայի աշխուժացմանը զուգահեռ‚ ավելի ու ավելի ակտիվացան հարցերն այն մասին, թե ներքաղաքական կյանքում, ի վերջո, ինչ հեռանկարներ են սպասվում։ Խոսքը նախ և առաջ իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների վերաբերյալ է։ Ամռանը, երբ կարծես թե հարաբերական անդորրի ամիսներ պետք է լինեին, քաղաքական կյանքը եռում էր։
Ամռան շրջանում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները հանդես եկան ասուլիսներով կամ տարբեր ձևաչափերի քաղաքական քննարկումներով, ընդ որում՝ աննախադեպ։ Դժվար է հիշել, թե Սերժ Սարգսյանը երբևիցե երեք ժամից ավելի տևողությամբ մամուլի ասուլիս հրավիրած լիներ, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ այսքան հաճախ հայտնվեր էկրաններին տարբեր թեմատիկ քննարկումներով։ Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ կարողանում է երկար պաուզաներ պահել, ժամանակ առ ժամանակ ստիպված էր լինում հասկանալի կամ անհասկանալի հոդված-հայտարարություններով հանդես գալ։ ՀՀ երեք նախագահների նման ակտիվությունը վկայում է, որ ներքաղաքական լուրջ գործընթացներ են խմորվում։ Գուցե առաջին հայացքից թվում է, թե դրանք ընդամենը հերթական գործընթացներ են, սակայն իրականում կան դրանց դրդապատճառները։
Ի վերջո, հենց ամռանը տեղի ունեցան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ կապված հայտնի իրադարձությունները, ձևավորվեց համագործակցություն երեք քաղաքական ուժերի միջև, որի առանցքում Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն են։ Իրենց դիրքորոշումներում արմատական մոտեցումները վերահաստատեցին «Սասնա ծռերը», որոնք, իրենց ոճի համաձայն, շարունակում են հոխորտալ, սպառնալ և այլն։ Ահա այսպիսի գործընթացներով էին հագեցած արձակուրդային համարվող ամառային ամիսները։
Հերթական թեժ աշնան ակնկալիքի նախաշեմին շատերի մոտ հարց առաջացավ. արդյոք ընդդիմադիր բևեռում տեղի ունեցող գործընթացները կարո՞ղ են որևէ վճռորոշ նշանակություն ունենալ իշխանության համար‚ թե՞, այնուամենայնիվ, զարգացող իրադարձությունները չեն մտահոգում ՀՀ ղեկավարությանը, ինչպես վերջիններս ցանկանում են ցույց տալ՝ ձևացնելով, թե իրենք ունեն ժողովրդի լիակատար աջակցությունը։ Այնուամենայնիվ‚ իշխանությունը մտահոգվելու կարիք ունի՞, թե՞ ոչ։
Այս հարցի շուրջ տարբեր կարծիքներ կարող են հնչել, սակայն ամենայն հավանականությամբ, իշխանությունը ոչ միայն կարիք ունի մտահոգվելու, այլև իրականում լավ էլ մտահոգված ու անհանգիստ է։ Հակառակ դեպքում այսքան նյարդային կերպով չէր պայքարի ընդդիմադիր ցանկացած դրսևորման դեմ։ Հիշենք թեկուզ Գագիկ Ծառուկյանի դեմ ընթացող քայլերը, որոնցով փորձում են լռեցնել նրան ու նրա ղեկավարած քաղաքական ուժին՝ ընդհուպ մինչև դատարան տանելով ու ազատազրկման սպառնալիքով։
Հիշենք նաև, թե ինչ ծիծաղելի պատրվակներով է իշխանությունը փորձում ԱԱԾ, ոստիկանություն կամ քննչական կոմիտե տանել Արթուր Վանեցյանին՝ այդպիսով հոգեբանական ճնշում գործադրելով նրա դեմ։ Սա ցույց է տալիս, որ իշխանության ձևական հանգստության, պաթոսի ու ինքնավստահության տակ իրականում թաքնված է լուրջ անհանգստություն, և հենց արմատում ցանկանում են ընդդիմության ակտիվությունը կանխել»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: