Lurer.com-ը գրում է.

Թուրքական ապրանքի դեմ Հայաստանում միշտ էլ եղել են տարատեսակ կարծիքներ, գնե՞լ այն, թե՝ ոչ, ունե՞նք համապատասխան հայկական առաջարկ, թե զիջում ենք որակով կամ գնով թուրքական առաջարկին: Այս թեման հիմնականում բացվում է սահմանային լարվածությունից հետո, այս անգամ առիթ դարձան տավուշյան իրադարձությունները:

Անկախությունից հետո Հայաստանը Թուրքիայից ներկրել է ավելի քան 3,5 միլիարդ դոլարի ապրանք, իսկ արտահանվել, ընդամենը, շուրջ 45,5 միլիոն դոլարի ապրանք: Թուրքիայից Հայաստան է ներմուծվում մինչև 600 անուն ապրանք։ Եթե Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշռում Թուրքիան զգալի տեղ ունի, ապա Հայաստանի տեսակարար կշիռը Թուրքիայի արտահանման մեջ կազմում է 0,1 տոկոսից էլ պակաս։ Եվ,  եթե ստացվի այնպես, որ Հայաստանը մի օր որոշի՝այլևս ոչ մի ապրանք չի գնելու Թուրքիայից, վերջինիս տնտեսությունը որևէ ձևով դա չի զգա։ Ինչը չի կարելի ասել հակառակ պարագայում, եթե թուրքերը որոշեն, որ հայաստանցիներին որևէ ապրանք չեն վաճառում, ապա հայկական շուկայում կառաջանա առաջին անհրաժեշտության մի քանի տասնյակ ապրանքների դեֆիցիտ, սակայն չենք կարող չնշել նաև, որ այդ դիֆիցիտներին փոխարինելու կգան չինական և ռուսական և այլ երկրների ապրանքները: Վերոնշյալ թվերից պարզ է դառնում, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Թուրքիայից, իսկ թշնամի երկրից որևէ կերպ կախում ունենալը հավասարազոր է օդում կառչած մնալուն։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում միմիայն հայկական ապրանքը պրոպագանդող Մեսրոպ Եսայանը կարծիք հայտնեց՝ խնդիրն այն է, որ հայկական արտադրողները դեռ լավ չեն զարգացել և չեն կարողանում իրենց ապրանքը ճիշտ ներկայացնել ու գովազդել. «Հայկական ապրանքները վատ գովազդի պատճառով չեն վաճառվում, ու արտադրողները ստիպված Հայաստանում փակում են իրենց գործը, ու գնում Ռուսաստան՝ կոշիկ կարելու: Մենք տեսել ենք այդ խնդիրը, ու թիրախավորել ենք կոնկրետ հագուստ, կոշիկ, աքսեսուարներ՝ ցանկանալով ցույց տալ, որ Հայաստանում ևս արտադրվում է լավ տեղական արտադրանք»,- նշեց նա:

Ըստ Մեսրոպ Եսայանի՝ սխալ տարածում ունի այն կարծիքը, որ հայերը օգտվում են թուրքական ապրանքներիրց, քանի որ հայկականը չունի դրան համազորը՝ թե գնային առումով և, թե որակի. «Կա հայկական, թե՝ թանկ ապրանք, թե՝ էժան: Եթե հայկական է՝ չի նշանակում կամ լավը պիտի լինի, կամ վատը: Հիմա կա հայկական մատչելի ու թուրքականին որակով չզիջող ապրանք: Մենք վստահ ենք, որ ունենք հայկական այն արտադրանքը, որը կարող է մրցակցի չինականի, թուրքականի ու մնացած երկրների ապրանքների հետ»,- եզրափակեց Մեսրոպ Եսայանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել