Ermenihaber.am-ը գրում է.

Ավստրիայի ներքին գործերի նախարար Կարլ Նեհամմերը հայտարարել է, որ անվտանգության մարմինները Թուրքիայի օգտին լրտեսություն անող անձի են հայտնաբերել:

Նախարարը նշել է, որ այդ անձը խոստովանել է Թուրքիայի օգտին լրտեսելու հանգամանքը՝ ավելացնելով, որ նրան մեղադրանք կառաջադրվի և գործով համապատասխան հետաքննություն կիրականացվի: Պաշտոնյայի խոսքով՝ այս դեպքը ցույց է տալիս, որ արտաքին ուժը (Թուրքիան-խմբ.) ցանկանում է մեծացնել իր ազդեցությունը Ավստրիայում, ինչն անընդունելի է իրենց համար:

«Այդ անձը խոստովանել է, որ լրտեսում է այստեղ գտնվող Թուրքիայի քաղաքացիներին ու Ավստրիայի քաղաքացի թուրքերին և ձեռք բերած տեղեկությունները փոխանցում Թուրքիայի անվտանգության մարմիններին»,- ասել է Նեհամմերը։

Ավստրիացի պաշտոնյան նշել է նաև, որ իրենք ամբողջ ուժով պայքարելու են դրա դեմ:

Ավստրիայի ժողովրդի անվտանգության գլխավոր քարտուղար Ֆրանց Ռուֆն էլ հայտարարել է, որ իրենք Ավստիրայում Թուրքիայի ազդեցության շատ ազդանշաններ են նկատում: Նա տեղեկացրել է նաև, որ լրտեսը բացահայտվել է հունիսին երկրում թուրքերի և քրդերի միջև տեղի ունեցած բախման առիթով իրականացված հետաքննության շրջանակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել