Ոստիկանությունը բացարձակապես չի փոխել իր գործելաոճը: Այն սպասարկում է միայն հանցագործների շահերը: Ու ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է ոստիկանությունից ինչ-որ ակնկալիքներ ունենալ: Շարքայինից մինչև ոստիկանապետ բոլորը հանցագործներ են: Մեկը ապօրինի հրաման է տալիս, մյուսը այդ հրամանը կատարում է:
Գրեթե մեկ շաբաթվա ընթացքում չեղավ ոչ մի դեպք, երբ պատասխանատվության կանչվեին ակտիվիստներին կամ լրագրողներին սպառնացողներն ու հայհոյողները, նրանց նկատմամբ բռնություն կիրառողները: Դրա փոխարեն բազմաթիվ անգամ բաժիններ բերման ենթարկվեցին պայքարի դուրս եկած երիտասարդները:
Մերձգասպարյանական կայքը լուր տարածեց, թե իբր Վովա Գասպարյանը հանդիպել է գծատերերի հետ և հորդորել ակտիվիստների իրավունքները չխախտել: Համոզված եմ, որ այդ հանդիպման մասին լուրը սուտ է, իսկ եթե անգամ ճիշտ է, ապա քննարկման առարկան եղել է միայն ծավալվող բողոքի միջոցառումների ճնշման ձևերը:
Այսօր քաղաքապետարանի դիմաց Օսիպյանը առանց չափազանցության 30-40 րոպե ելույթ ունեցավ` խոսելով ոստիկանության վերջին շրջանի գործունեության մասին, բացասական գնահատականներ հնչեցնելով ակտիվիստների գործողությունների վերաբերյալ:
Ոստիկանությունն, այսպիսով, լինելով անկախ կառույց, ներկայացնում է իրեն որպես կոնֆլիկտի կողմ և հակադրվում է հասարակությանը: Ինչը, բնականաբար, Վովա Գասպարյանի համար ունենալու է ոչ հաճելի հետևանքներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել