1in.am-ը գրում է.
Չարենցավան-Երևան երթուղին հուլիսի 22-25-ը սպասարկել է 350 դրամի փոխարեն 400 դրամ սակագնով: Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանն «Առաջին լրատվական»-ին երեկ ասաց, որ այդ մասին իրենց էլի են ասել, հիմա ուսումնասիրում են՝ պարզելու համար փաստի իսկությունը:
Չարենցավանցիները տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել Մշակույթի պալատի դիմաց:
«Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե Չարենցավան-Երևան երթուղու գնային փոփոխություններն ինչ հիմքով են արվել և ինչպես պետք է փոխհատուցվի բնակիչներից գանձված հավելյալ գումարը, Դավիթ Մելքոնյանն ասաց. «Նման բան չկա, չի թանկացել, ես այդպիսի տեղեկատվություն չունեմ»:
Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող «Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը հերքեց թանկացման և նորից նախկին սակագնին վերադառնալու լուրը. «Նստեք, տեսեք՝ թանկացե՞լ է»:
Հիշեցնենք, որ Դավիթ Մելքոնյանը հայտարարել էր, որ Տրանսպորտի և կապի նախարարությունը տրանսպորտի սակագնի թանկացման մեկ դիմում է ստացել (Շղարշիկ-Իրինդ-Կաթնաղբյուր-Երևան երթուղին սպասարկող ընկերությունը դիմել էր 500 դրամ սակագինը 700 դարձնելու հայտով։ Մեկ դիմում էլ Գեղարքունիքի մարզից սպասարկող ընկերությունը դիմել էր, մասնակցել քննարկումներին, հետո խնդրել էր դադարեցնել քննարկումներն ու ընթացք չտալ դիմումին), որը մերժվել էր հուլիսի 23-ին:
Երեք օր է՝ հարյուրավոր չարենցավանցիներ երթևեկում են 50 դրամ բարձր սակագնով, բայց և՛ ՏԿ նախարարությունը, և՛ երթուղին սպասարկող ընկերությունը սա բացահայտ հերքում են: