«Ներկայիս պաշտոնական քարոզչության ամենասիրելի բառերից է «աննախադեպ»֊ը: Երբեմն ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այս երկու տարվա ընթացքում ամեն ինչ աննախադեպ է, և, օրինակ, մինչև 2018 թվականի մա­յիսը ճանապարհներ չէին կառուցվում, հրետա­նին չէր կրակում, ծառ չէր տնկվում, և անգամ երաժշտություն չէր գրվում` այդքան խորն էր եր­կիրը թաղված մղձավանջի մեջ: Եվ ահա եկավ պայծառ մայիսը [իմ երիտասարդ տարիներին «օֆիցիոզն» այդպես էր խոսում «հոկտեմբերի»` 1920 թվականին ռուսական 11-րդ բանակի մուտքի մասին], և ամեն ինչ սկսեց կառուցվել, ծաղկել և բազմանալ:

Բայց 2020 թվականի սեպտեմբերի 1-ի մա­սին իրապես կարելի է ասել, որ այն աննախա­դեպ է. դժվար թե այսօր Հայաստանում ապրող որևէ մարդ հիշի, թե երբ է սեպտեմբերի 1-ը եղել առանց ծնողների հուզված ու հպարտ ժպիտների, առանց ծաղիկների, առանց առաջին գանգի: Իհարկե,այդ ամենի բացակայու­թյան համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց նման «աննախադեպությունը» փոքր-ինչ տխրեցնում է:

Միևնույն ժամանակ, գերադասելի է թեև ուշացմամբ, բայց ինչ-որ ձևով սկսել ուսումնական տարին, քան այն ամբողջությամբ դարձնել «հե­ռավար», և այդ առումով ԿԳՄՍ նախարարու­թյան որոշումը սկզբունքորեն ճիշտ է: Գիտեմ, որ պաշտոնյաների մեծ մասն ինձ հետ համա­ձայն չի լինի, բայց եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք. անցած ամիսների «հեռավար» ու­սուցումը 90 տոկոսով իմիտացիա էր: Մնացած 10 տոկոսն ապահովվել է փոքրաթիվ ուսուցիչների և դասախոսների բացառիկ նվիրվածու­թյամբ ու բարեխղճությամբ, որովհետև «հեռա­վար կարգով» երեխաներին գիտելիքների նույն ծավալը փոխանցելու համար անհրաժեշտ է 3- 4 անգամ լարված և «ժամանակի մեջ ձգված» աշխատանք, բան առկա ուսուցման ժամանակ էր: Այդպիսի ուսուցիչների տներում ամբողջ օրը մշտապես դաս էր: Կարծում եմ, հնարավոր չէ հույս դնել այդ 10 տոկոսի բարեխղճության վրա, չի կարելի պահանջել, որ մարդիկ նույն [համեստ] աշխատավարձով քառապատկեն իրենց ջանքերը:

Դասերը, մի խոսքով, պետք է սկսել, բնակա­նաբար, հնարավորինս պահպանելով անվտան­գության կանոնները: Դա լինելու է ծանր, ան­հարմար գործընթաց` մանավանդ տարրական դպրոցի աշակերտների համար: Ավելին` այդ գործընթացը կարող է ցանկացած պահի ընդ­հատվել, եթե գա համավարակի նոր ալիքը, որի հավանականությունը բավականին մեծ է: Բայց դասերը չսկսելու այլընտրանքը իմիտացի­ան շարունակելն է, որը 10-15 տարվա կտր­վածքով կունենա խիստ բացասական հետև­անքներ»,-գրում է թերթը։


Ամբողջական հոդվածը  կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել