Մոմի լույսը խորհրդանշում է մեր հավատքի լույսը, որ Քրիստոսի գալստյամբ մեղքերի խավարը և անհնազանդությունը վերացան ու երկրում` աստվածապաշտության լույսը հաստատվեց, և ամենքս լուսավորվեցինք Քրիստոսով:
Եկեղեցի մտնելիս գրեթե միշտ մոմ ենք վառում սրբապատկերների առջև: Այս գեղեցիկ սովորությունը մեզանում լայն տարածում ունի և ձգվում է մինչև դարերի խորքը: Աստծու տանը ճրագ կամ մոմ վառելու ավանդությունը գալիս է դեռևս Հին Ուխտի ժամանակներից: Աստված Մովսեսի միջոցով ժողովրդին պատվիրեց, որ ձիթենու զուլալ, անարատ ձեթ բերեն լույսի համար, որպեսզի մշտավառ ճրագ լինի վկայության խորանում (Ելք ԺԷ 20-21): Սուրբ Գիրքն ասում է նաև. «Սողոմոն արքան պատրաստել տվեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե մոմակալները, ճրագակալները, մոմ կտրելու մկրատները» (Գ Թագ.Է 49): Հետագայում, երբ քրիստոնեությունը հաստատվեց աշխարհում, մոմը պահպանեց իր կիրառական և ծիսական նշանակությունը, նաև նորահաստատ քրիստոնեական Եկեղեցում: Պետք է ասել, որ մոմն ու ճրագն ի սկզբանե նույն նշանակությամբ են օգտագործվել և ունեցել են միևնույն հոգևոր ու նվիրական իմաստը, ինչի շնորհիվ Եկեղեցին առ այսօր պահպանել է ճրագ վառելու ավանդությունը: Վաղ շրջանում հեթանոսների գործադրած հալածանքների պատճառով, որոնք տևեցին երեք դարից ավելի, քրիստոնեական պաշտամունքները կատարվում էին գիշերով, ստորգետնյա և վերգետնյա գաղտնի աղոթատեղիներում ու մատուռներում, որտեղ բնականաբար մոմեր ու կանթեղներ էին վառում` շինության տարածքը լուսավորելու համար: Այդպես էլ հետագայում եկեղեցու ներսը լուսավորելու և կատարվող արարողություններին շքեղություն ու տոնականություն հաղորդելու համար մոմավառությունը մնաց որպես ծեսի կարևոր բաղադրիչ մաս: Սակայն պատճառը միայն լույս տալու պարագան չէր: Մոմավառության սովորությունը և՛ Հին Ուխտում, և՛ Նորում, բացի կիրառական նշանակությունից ուներ և ունի նաև խորհրդաբանական ներքին իմաստ:
Շարունակությունը կարդացեք այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=441781802596647&set=a.347086518732843.82767.340997979341697&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել