Աննախադեպ փաստ, մասնակցում էին սոցիալական բոլոր խավերը: Եկել է պահը գնահատական տալու: Միանշանակ կարելի է ասել, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում այս օրերին, աննախադեպ էր նույնիսկ եվրոպական երկրների համար: Եթե մենք ուսումնասիրենք Հունաստանի, Լեհաստանի, Անգլիայի և այլ երկրների ինքնաբուխ շարժումները, ապա կտեսնենք, որ հիմնականում այդ ակցիաների շարժիչ ուժը տվյալ երկրների սոցիալական խավերից մեկն է լինում (անապահովներ, միջիններ, հարուստներ): Իսկ ի՞նչ եղավ մեզ մոտ: Երբ սկսում եմ վերհիշել, թե այս մի քանի օրերի ընթացքում ինչպես էին միավորված գործում մեր երկրի սոցիալական բոլոր խմբերի ներկայացուցիչները, գալիս եմ այն եզրակացության, որ մենք հիրավի հարգանքի արժանի ազգ ենք: Այլ եզրահանգման չես կարող գալ, երբ քո աչքով տեսնում ես, թե ինչպես տասնյակ հազար դոլարների արժեք ունեցող ավտոմեքենաներն անվճար ուղևորներ էին տեղափոխում, տեղափոխելուց բացի` նրանց սեփականատերերն իջնում էին իրենց շքեղ մեքենաներից և կոչ էին անում ժողովրդին չվճարել այդ չարաբաստիկ 150 դրամը: Ինչ վերաբերում է մեդիա աշխարհին, ապա նրա կարկառուն դեմքերը, կարելի է ասել, ուղղակի փայլեցին այս ակցիայի ժամանակ, նրանք ցույց տվեցին, որ իրենք ժողովրդի հոգսերով են ապրում, իհարկե այստեղ ես չեմ կարող չնշել բացառությունները, որոնք բացի նրանից, որ հեռու մնացին այս շարժումից, փորձեցին իրենց «անպատասխանատու» հայտարություններով արժեազրկել այն: Այս ակնարկատիպ հոդվածս կցանկանայի ավարտել տաղանդաշատ դերասան Վարդան Պետրոսյանի այս երևույթի մասին հրաշալի գրառումով. «Էականն այն է, որ այստեղ մարդիկ հանդիպեցին: Շատ հուզիչ մի բան պետք է պատմեմ, որը տեղ է գտնելու իմ ներկայացման մեջ: Ինձ պատմեցին, որ մի տատիկ հուզված ասել է. «Էս ինչ լավն են մեր երիտասարդները, ինչ լավ են պայքարում»»:
Հ.Գ Ըստ իս` հայաստանյան իրականության մեջ սա նոր երևույթ է, որը անկասկած իր շարունակությունն է ունենալու: