Եթե այս ամբողջ սկանդալը ճիշտ է, ապա ԱԱԾ-ն ոչ միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն է խախտում, այլև` ԱՄՆ դաշնային օրենքը, համաձայն որի ամերիկյան յուրաքանչյուր տեխնոլոգիական ընկերության համակարգ` հաք անելու միջոցով ներթափանցելը դաշնային, միջազգային քրեական հանցագործություն է: Խոսքը վերաբերում է նաև այդ համակարգերի մասնավոր օգտատերերի օգտահաշիվներին:
Բայց դա դեռ մի կողմ:
Ես դեռևս ամիսներ առաջ էի կանխատեսել, որ կորոնավիրուսային ֆիասկոն բարդվելու է Արսեն Թորոսյանի վրա` նրան դարձնելով քավության նոխազ:
Դա նախևառաջ Փաշինյանին հատուկ գործելակերպ է. սեփական քաղաքականության և անթույլատրելի անգործության ողբերգական հետևանքների պատասխանատվությունը մշտապես սեփական ուսերից նետել այլոց վրա և դրանով մաքրագործվել չմտածող զանգվածների աչքում:
Եթե այս ամենը ճիշտ է, ապա Արսեն Թորոսյանին քննադատելուց առաջ պետք է հասկանանք, որ դրանով մենք մտնում ենք մի կեղտոտ գործընթացի մեջ, որի վերջնական նպատակը մեր հիմարեցումն է երկրի ղեկին կանգնած մարդու կողմից:
Թորոսյանի անձը կարևոր չէ: Այն նաև իր նշանակությամբ է անկարևոր եղել Հայաստանի քաղաքական դաշտում: Բազում աններելի սխալները, որ կարող է գործած լինել առողջապահության նախարարը` մեծ համապատկերում պետք է տարանջատվեն այն առավել մեծ հարցերից, որոնցում առաջնային մեղավորը ոչ թե առողջապահական այդ ոչ պոպուլյար կատարածու-չինովնիկն է, այլ այն մարդը, որ թե´ նրա գործողությունների և թե´իրականացրած քաղաքականության հիմնական, առաջնային և երբեմն անգամ միակ պատասխանատուն է:
Իսկ այդ մարդը այն մարդն է, որն ըստ հայկական մամուլի` սեփական հատուկ ծառայություններին փաստորեն ուղղորդում է խախտել ոչ միայն միջազգային ընդդատյայություն ունեցող օրենքներ, այլև` սեփական սահմանադրությունն ու օրենսդրությունը: Եվ որ ամենակարևորն է` մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության սկզբունքն ու անձնական կյանքի իրավունքի բարոյական տիրույթը:
Ուրեմն չտրվե´նք երկրի կառավարչի էժան հնարքին և բոլոր սլաքները չուղղե´նք մեկին, որ ընդամենը գործիք է եղել մի խաղում, որ նրա ղեկավարն է վարել` դրանով ազատելով հենց նույն ղեկավարին` պատասխանատվության իր ամենակարևոր բաժնից: