Այն փաստը, որ ՀՀ աշխատակազմին կից սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պատկերացումն սփյուռքին վերաբերող շատ հարցերի մասին սահմանափակվում է այն միջավայրով, որտեղ ապրել ու աշխատել է շուրջ 30 տարի մեկ անգամ ևս ապացուցվեց ֆեյսբուքյան վերջին հարցազրույցի ժամանակ կատարած հայտարարությամբ:
Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը պատասխանելով սփյուռքում կրթական չափորոշիչների բարեփոխման մասին հարցումին հայտարարել է, որ վերջին տասնամյակներում դասագրքերը Հայաստանից են սփյուռքյան գաղթօջախներ գնում:
Պարզվում է, որ պաշտոնավարման մեկ տարին լրացրած սփյուռքի գործերի հանձնակատարը տեղյակ չէ այն մասին, որ սփյուռքյան կարևոր համայնքներից շատերում, այդ թվում Իրանի ու Լիբանանի հայկական կրթօջախներում տասնամյակներից ի վեր է ինչ դասավանդվում են նույն համայնքների հայ մտավորականների միջոցով պատրաստված հայոց լեզվի ու գրականության, հայոց պատմության ու կրոնի դասագրքերը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը պաշտպանելով կրթական չափորոշիչներում բարեփոխումներ կատարելու ուղղությամբ Հայաստանում իրականացվող քայլերը հյուս է հայտնել, որ Հայաստանին զուգահեռ նման բարեփոխումներ տեղի կունենան նաև սփյուռքյան կրթօջախներում: Թե որ չափորոշիչներում բարեփոխումների մասին է խոսքը և դրա որ բաժինը կարող է թիրախավորել հատկապես սփյուռքյան կրթօջախները կարծում եմ որևէ բացատրության կարիք չունի:
Ի դեպ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին պիտի հիշեցնել, որ ընդհանրապես լավ չէ, երբ Հայաստանի Հանրապետության պետական այրը պատմական ակնարկներ կատարելիս նույն հարթության վրա միանման գնահատականներ է հնչեցնում թշնամի Թուրքիայի ու բարեկամ Իրանի մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել