Այսօր հերթական անգամ սրվել է Ամուլսարի հանքավայրի շահագործման ու դրա դեմ պայքարի թեման։ Ու հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը բռնել է սպասողական դիրք, քանի որ ոչ մի կերպ չի կարողանում նախապատվություն տալ՝ բնապահպանակա՞ն, թե՞ ներդրումային խնդրին։ Բայց եթե պայքարողների տեսակետները տրամագծորեն տարբեր են, ու եթե վարչապետը խնդրին լուծում տա, անկախ նրանից՝ ճիշտ, թե սխալ, ապա մի մասը գոհ կլինի դրանից, իսկ այսպես ձգելով դժգոհում են վարչապետից հակամարտող երկու կողմերն էլ։ Ո՞րն է Փաշինյանի պատկերացրած լուծումը․ պայքարողները գնան այնպիսի բախման, որ արյուն թափվի, ինքն էլ օրենքի անունից ուժ կիրառի, մեղադրի մի կողմին, անկախ նրանից՝ ճիշտ, թե սխալ, ու լուծում պարտադրի այդ կողմին։ Իսկ քանի գործը դրան չի հասել, որ լուծումն էլ դա լինի, Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունն իր վրա վերցնելուց։ Բայց նույն Փաշինանը, եթե մեկ այլ ոլորտում մի խնդիր է ծագում, անմիջապես ասում է, որ՝ դա ոչ թե այս կամ այն նախարարի որոշումն է, որ նրա հրաժարականն եք պահանջում, այլ հենց կառավարության ու անձամբ վարչապետինը։ Մի կողմ թողնենք, թե այդ ինչպե՞ս եղավ, որ հենց այս հանքավայրի շուրջ այսպիսի անելանելի իրավիճակ առաջացավ, մենք փորձում ենք հասկանալ, թե այդ ինչպե՞ս եղավ, որ Փաշինյանը երկու տարի առաջ, հեղափոխության օրերին խրոխտ ձայնով ասաց, թե՝ քայլում ենք մինչև փողոցի այս հատվածը, եթե մինչ այդ իշխանությունը չվերցրեցինք, ապա ես մեկընդմիշտ հեռանում եմ քաղաքականությունից, ու, փաստորեն, իշխանությունը վերցրեց, քանի որ ժողովուրդը գնահատեց այդ վճռականությունն ու, միանգամայն այլ քննարկման հարց է, թե դա շատ լավ մշակված ու դրսից թելադրված քաղտեխնոլոգիա չէ՞ր, կարևորն այն է, որ հասարակությունը դա ընդունեց ու վճռական մարդուն կարգեց վարչապետ։ Իսկ այսօր Փաշինյանը մի բան է միայն անում վճռականորեն, որ բոլոր հարցերում լինի անվճռական, հավանաբար վախենալով, որ տարբեր դիլեմաների կտրուկ լուծումներից կարող է վտանգել իշխանական աթոռը։
Եթե սա միայն Ամուլսարին վերաբերեր, մի կերպ կհաշտվեինք, կասեինք՝ բարդ երկընտրանք է, բայց սա դարձել է Փաշինյանի գործելաոճն առհասարակ։ Ինչպե՞ս կարող է ինքը բանակցել Արցախի անունից, եթե նրան արցախին չի ընտրել։ Բայց երբ որոշ ժամանակ անց ստիպված եղավ խոստովանել, որ Ալիևի հետ հանդիպումները ոչ այլ ինչ են, քան բանակցություններ, ու որպեսզի զիջողի ու անվճռականի տպավորություն չթողնի, ասաց, որ հիմա էլ՝ Արցախը Հայաստան է՝ և վե՜րջ։ Անգամ Արցախը մարզ են որակում, նրա նախագահին՝ Արցախի ներկայացուցիչ, բայց երբ դրսում հասկացնել տվեցին, որ դա տանում է պատերազմի, հիմա էլ Փաշինյանը խաղաղասիրական կոչերով սկսեց հանդես գալ, թե պիտի այնպիսի լուծում գտնվի, որ դա ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի ու Արցախի ժողովուրդների համար։ Փաստորեն արցախցին իրեն չի ընտրել ու ինքը չի ներկայացնում արցախցուն, բայց նրա պետությունը միացրել է Հայաստանին ու արցախցու կարծիքը չի էլ հարցրել, որ գուցե ինքնորոշման իրավունքի իրացում կարող է լինել նաև անկախ Արցախ ունենալը։ Բայց դրանից հետո էլ Ղարաբաղի հարցն այնպես է կարգավորում, որ լուծումն ընդունելի լինի արցախցու համար, այն արցախցու, որի պետությունն արդեն բռնակցել է Հայաստանին։