Բելառուսը կդառնա առաջին երկիրը, ուր կմատակարարվի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունից:
Այս մասին պայմանավորվածություն են ձեռք բերել նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը գրանցել է «Քովիդ-19» կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որի մասին օգոստոսի 11-ին հայտարարել էր Պուտինը: Պատվաստանյութը ստացել է «Սպուտնիկ 5» անվանումը: Այն մշակել են Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական կենտրոնի մասնագետները: Նրանց պնդմամբ՝ պատվաստանյութն օրգանիզմը կորոնվիրուսից կարող է պաշտպանել երկու տարի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության մասին պայմանավորվածություն է ձեռք բերել հինգ երկրների հետ: Ներկա արտադրական հզորությունը թույլ է տալիս տարեկան 500 մլն չափաբաժին արտադրել:



