News.am-ը գրում է․

Գլազգոյի համալսարանի գիտնականներն առաջարկել են ասթմայի եւ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) բուժման նոր մեթոդ։ Խոսքը դեղերի նոր դասի մասին է, որոնց միջոցով հաջողվել է կենդանիների մոտ ասթմայի ախտանիշները հետ շրջել, հայտնում է Medical Express-ը։ Նման արդյունքի է հաջողվել հասնել նաեւ մարդկային թոքերի նմուշներով փորձերում։

Նոր մոտեցումը հենվում է սպիտակուցի ակտիվացման վրա, որն արձագանքում է սննդակարգում ճարպերին։ Սպիտակուցը, որը կոչվում է ազատ ճարպաթթուներ 4-ի ռեցեպտոր (FFA4), տեղակայվում է աղիներում եւ ենթաստամոքսային գեղձում, որտեղ նրան ակտիվացնում են սննդային ճարպերը, այդ թվում՝ ձկան յուղից օմեգա-3-ը։ Ակտիվացումից հետո FFA4-ը սկսում է օրգանիզմին օգնել վերահսկել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ FFA4 կա նաեւ մարդու թոքերում։ Մշակելով դեղամիջոցների նոր դաս, որոնք թոքերում ակտիվացնում են FFA4-ը, հետազոտողները հայտնաբերել են, որ շնչուղիները շրջապատող մկանները թուլանում են՝ թույլ տալով թոքեր թափանցել մեծ քանակությամբ օդ։

Գիտնականները կրծողների օրինակով նաեւ պարզել են, որ FFA4-ի ակտիվատորները նվազեցնում են բորբոքումը, որն առաջանում է ծխախոտի ծխի եւ ալերգենների ազդեցությամբ, որոնք ասթմա են հարուցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել