Արցախ կատարած աշխատանքային այցի ավարտին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հարցազրույց է ունեցել «5-րդ ալիք» հեռուստաընկերության հետ, խոսել այցի բուն նպատակի, ինչպես նաեւ արցախյան քաղաքական ուժերի, Արցախի հոգևոր առաջնորդի, Ազատամարտիկների միության ղեկավար կազմի հետ հանդիպումների և այլ խնդիրների շուրջ։

«Քննարկումների առանցքային խնդիրներից է եղել արցախյան հակամարտության կարգավորումը, որի շրջանակում մենք ներկայացրել ենք մեր կուսակցության դիրքորոշումը, և կարող եմ փաստել, որ մեր կուսակցության և Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մոտեցումն այս խնդրի շուրջ միակամ է. Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքննելի է, իսկ Արցախի անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»,-ընդգծել է Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով Արցախի վերաբնակեցման ծրագրին՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավարը նշել է, որ դա համահայկական խնդիր է, որին պետք է ակտիվ մասնակցություն ունենան թե՛ հայաստանցիները, թե ՛ արցախցիները և թե սփյուռքի մեր հայրենակիցները։

«Մեր գործող իշխանությունների ոչ ճիշտ, իսկ ավելի հստակ՝ ապաշնորհ բանակցային գործընթացի կամ դրա բացակայության արդյունքում Ադրբեջանի կողմից ի հայտ է եկել մի կեղծ եզրույթ՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք», և այդ տեսանկյունից վերաբնակեցման ծրագիրն այսօր ավելի քան հրատապ է»,-ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ «Հայրենիք» կուսակցությունը պատրաստվում է ստեղծել աշխատանքային խումբ և օրակարգային խնդիր դարձնել Արցախի վերաբնակեցման ծրագիրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել