Hraparak.am-ը գրում է․

Կորոնավիրուսի ժամանակներում, երբ ռեստորանները, սննդի օբյեկտներն ու ժամանցի վայրերը ճգնաժամային օրեր են ապրում, Հայաստանում սննդի նոր ցանց է ստեղծվում՝ «Ֆուրշետ բուֆետ»: Այն բացվել է հեղափոխությունից հետո, թեեւ «Ֆուրշետ բուֆետ»-ից պնդում են, որ հեղափոխության ժամանակ իրենք արդեն աշխատում էին, իսկ ընկերության կայքէջում նշված է, որ մեկ տարի է, իրենք կան:

Ցանցն արագ եւ անսպասելի, անհավանական կարճ ժամանակում հաղթահարել է սննդի օբյեկտների համար թույլտվությունների ընթացակարգը, բացվել է քաղաքի կենտրոնական փողոցներում՝ Ամիրյան, Սարյան պուրակի մոտ, նույնիսկ կարողացել է սեղանիկներ տեղադրել՝ արտոնություն, որից քաղաքի կենտրոնի սրճարանատերերից շատերը զրկված են: 

Սույն «բուֆետի» սեղանիկները տեղադրված են Ամիրյանում գտնվող կետին հարող տարածքում: Սա այն դեպքում, երբ մյուս սրճարաններին, որոնք ունեն բացօթյա տարածքներ, արգելել են դրսում սեղաններ տեղադրել, իսկ եղած սեղանիկներն էլ հրահանգել են ներս տանել: 

Սրճարանների տերերը, հատկապես Կասկադի, Օպերայի հարեւանությամբ գտնվող, վաղուց են բողոքում քաղաքապետ Հայկ Մարությանի այս «հակասեղանիկային», ոչնչով չպատճառաբանված արշավից: Նրանք դժգոհում են, որ իրենց չի կարելի սեղանիկ դնել, որքան էլ մեծ տարածք ունենան սրճարանի դիմաց, իսկ, ահա, «Ֆուրշետ բուֆետին» կարելի է: Այս օբյեկտի վրա արգելքները չեն տարածվում: 

Ո՞ւմ է պատկանում «Ֆուրշետ բուֆետը»: Հավանաբար, ազդեցիկ մեկինն է: Շրջող խոսակցությունների համաձայն, այն պատկանում է քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերոջը՝ Արտակ Գասպարյանին, ով օրերս հրաժարվեց քաղաքապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից՝ ինչ-որ բանից նեղացած, եւ մեկնեց «հայրենի» ՌԴ, սրտաճմլիկ գրառում թողնելով իր ՖԲ էջին․ «Там где я мог быть полезен - сейчас уже полностью потеряло свою актуальность. И Слава Богу! Значит, все идёт как надо:)»: 

Ո՞վ է «Ֆուրշետ բուֆետի» տերը,  ճի՞շտ է, որ օբյեկտը պատկանում է Արտակ Գասպարյանին: Ընկերությունից մեր հարցին պատասխանող աշխատակիցն ասաց. «Ես տեղյակ չեմ, թե ումն է»: 
Համենայնդեպս, «Ֆուրշետ բուֆետի» հետ կապված՝ հենց Արտակ Գասպարյանի անունն է շրջանառվում: Ասում են՝ նրա անձով են պայմանավորում այն հանգամանքը, որ նոր ընկերությունը «ծնվեց» աննկատ, աճեց սնկի պես ու չի կանգնում այն խոչընդոտների առաջ, որոնք մյուսներին չի հաջողվում շրջանցել: 

Արտակ Գասպարյանին հարցրինք «Ֆուրշետ բուֆետի», դրա արտոնյալ վիճակի եւ այս «օբյեկտին» իր առնչության վերաբերյալ: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ նա ասաց, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, եւ խորհուրդ տվեց պետռեգիստրից ճշտել, թե ում սեփականությունն է «Ֆուրշետը»: Սակայն այստեղ էլ խորամանկություն են արել՝ նման անվանումով գրանցված սննդի օբյեկտ գոյություն չունի: 

Մեկ այլ տեղեկության համաձայն, «Ֆուրշետ բուֆետն» առնչվում է «Հայ տղերքի» Հայկոյի՝ Հայկ Մարգարյանի անվան հետ: Այս օբյեկտի հաճախորդները պնդում են, որ «Հայ տղերքի» Հայկոն այստեղ հաճախ է լինում: Որքա՞ն ժամանակ է պետք, որ Երեւանի կենտրոնում սննդի օբյեկտ բացենք: Այս հարցով դիմեցինք Երեւանի առեւտրի վարչություն: «Պետք է ստանալ քաղաքապետի թույլտվությունը, ապա, փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ մոտ մեկ ամիս»,- պատասխանեցին այնտեղից, ապա ավելացրին։ «Բայց հնարավոր են ձգձգումներ: Բազմաթիվ չափանիշներ կան, օրինակ, եթե տարածքում կա բնակելի շենք, պետք է բնակիչների թույլտվությունը եւ այլն: Ավելի լավ կլինի՝ դիմեք ճարտարապետության վարչություն»,- «ցրեց» առեւտրի վարչության աշխատակիցը: Մեր տեղեկություններով, նման թույլտվություններ քաղաքապետարանը վերջին տարիներին, կարելի է ասել, չի տալիս՝ մարդիկ ամիսներով սպասում են իրենց դիմումների պատասխաններին ու չեն ստանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել