Սնանկության գործով կառավարիչների որակավորման համակարգը ենթարկվել է մի շարք արմատական բարեփոխումների, որոնց հիմնական նպատակն է ապահովել սնանկության գործով կառավարիչների պատշաճ մասնագիտական պատրաստվածությունը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամ, ՏՄՊՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը։

Սնանկության գործով կառավարիչն ունի առանցքային դերակատարում սնանկության ինստիտուտի նպատակների իրականացման հարցում և նրա հաջող գործունեության գրավականներից է համապատասխան մասնագիտական որակների առկայությունը: Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամի խոսքով՝ հենց դա էր պատճառը, որ Արդարադատության նախարարության կողմից անցած տարի իրականացված ծավալուն բարեփոխումների շրջանակներում զգալի տեղ է հատկացվել նաև սնանկության գործով կառավարիչների որակավորման համակագի վերանայմանը: 

Մարկոսյանը ներկայացրեց սնանկության գործերով կառավարիչների հավակնորդներին ներկայացվող նախկին պահանջները և դրանց որոշակի խնդիրները։

«Նախկինում սահմանված էր, որ սնանկության գործով կառավարիչ կարող է դառնալ այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, որակավորման համար դիմելու պահին նախորդող հինգ տարիների ընթացքում առնվազն 3 տարի ունեցել է որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ղեկավարման կամ կազմակերպման հետ կապված փորձ կամ սնանկության գործով կառավարիչների ինքնակարգավորող կազմակերպությունում անցել է ստաժավորում։ 

Ակնհայտ է, որ նման պահանջների պայմաններում սնանկության գործով կառավարչի պաշտոնում թույլատրում էինք անձնանց, որոնք հնարավոր է, որ իրենց մասնագիտական գործունեության հետ կապված հասել են որոշակի հաջողության, սակայն սնանկության ինստիտուտի առումով չունեին անհրաժեշտ գիտելիքներ կամ համապատասխան հմտություններ»,- ասաց Մարկոսյանը։

Որակավորման հանձնաժողովի անդամը նշեց, որ 2019 թվականին Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել են ոլորտին վերաբերվող երկու հետազոտական փաստաթղթեր՝  «Սնանկության ոլորտի բարեփոխման ճանապարհային քարտեզ և գործողությունների ծրագիր» և «Սնանկության ոլորտի հետազոտության հաշվետվություն», որոնցում, ի թիվս այլ խնդիրների, հստակ մատնանշվել են նաև սնանկության գործով կառավարիչների մասնագիտական պատրաստվածության կամ մասնագիտական որակների ցածր լինելու հիմնահարցը։ 


«Խնդրի լուծման երկու ուղղություն տրվեց, առաջինը՝ ամրագրվեց, որ  սնանկության գործով կառավարիչ կարող են դառնալ միայն իրավագիտության և տնտեսագիտության ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձինք, երկրորդը՝ ամրագրվեց, որ բոլոր դեպքերում անձը պարտադիր պետք է անցնի ուսուցում, որպեսզի կարողանա մասնացել որակավորմանը։ Այսինքն՝ անձը, անկախ մասնագիտական փորձառությունից, պետք է անցնի լրացուցիչ պատրաստում , որպեսզի կարողանա հավակնել այդ ոլորտում մասնագիտական գործունեությանը»,- ընդգծեց Մարկոսյանը` հավելելով, որ ուսուցման կարգը սահմանվել է Արդարադատության նախարարության հրամանով։

Մարկոսյանի խոսքով՝ ուսուցումն ուղղված է ինչպես նվազագույն մասնագիտական գիտելիքների, այնպես էլ գործնական հմտությունների ձևավորմանը և զարգացմանը, օրինակ՝ սնանկության վարույթի փաստաթղթերի կազմում, վերլուծություն և այլն։ 

«Ուսուցումն իրականացվում է համապատասխան ծրագրի հիման վրա, որը հաստատվում է Արդարադատության նախարարի կողմից։ Ոլորտային խնդիրներին առնչվող լիազոր մարմինը՝ Արդադատության նախարարությունը  պարբերաբար ստանում է որոշակի գանգատներ, բողոքներ, հավաքագրում է վիճակագրական տվյալներ, որոնք էլ կարևոր հիմք կարող են լինել ծրագրի կազմման համար։ Ուսուցման իրականացումը վերապահված է  «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Ընդ որում, ամրագրվել է, որ նման ուսուցում պետք է կազմակերպվի տարեկան առնվազն մեկ անգամ, այսինքն՝ ոլորտով հետաքրքրվող անձինք տարեկան առնվազն մեկ անգամ կարող են ակնկալել, որ նման ուսուցում կլինի և նրանք հնարավորություն կունենան ուսուցումը ավարտելու դեպքում մասնակցել որակավորմանը և համապատասխանաբար ստանալ նաև կառավարչի գործով զբաղվելու հնարավորություն»,- ավելացրեց Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամը, նշելով, որ ուսուցման արդյունքը հաստատվում է համապատասխան վկայագրով, որը վավեր է երկու տարի։

Անդրադառնալով բուն որակավորման գործընթացին՝ Մարկոսյանը տեղեկացրեց, որ այստեղ ևս կան որոշակի փոփոխություններ.

«Նախկինում որակավորումը երկու փուլ էր ներառում՝ թեստավորում և հարցազրույց, ընդ որում, եթե բովանդակային առումով դիտարկենք, ապա դրանում չկային այնպիսի հստակ դրույթներ, որոնք թույլ կտային անձի մասնագիտական պատրաստվածությունը լիարժեքորեն վերհանել։ Ներկայումս որոշակի փոփոխություններ են կատարվել և որակավորման գործընթացում ավելացել է նաև ոլորտային խնդիրների լուծման փուլը, այսինքն՝ ներկայումս որակավորման փուլը ներառում է երեք փուլ՝ թեստավորում, ոլորտային խնդիրների լուծում և այնուհետև հարցազրույց։ Ոլորտային խնդիրների փուլի ներառումը այն հիմնական առանցքն է, որի շրջանակներում հնարավոր կլինի բացահայտել անձի խորը ոլորտային գիտելիքները, վերլուծական կարողությունները, ինչու չէ նաև փորձը։ 

Որոշակի փոփոխություն է արվել բուն որակավորման հանձնաժողովի կազմավորման առումով, մասնավորապես՝ սահմանվել է, որ դրա շրջանակներում ներգրավվում են ոչ միայն պետական մարմինների ներկայացուցիչները, այլև իրավագիտության և տնտեսագիտության ոլորտներից գիտնականներ։ Սա ևս չափազանց կարևոր քայլ է, քանի որ թույլ է տալիս գործընթացում կիրառել ոլորտային գիտական ներուժը»,- շեշտեց Մարկոսյանը։ 

Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամի կարծիքով՝ թեև այս փոփոխությունների արդյունքում որոշակիորեն դժվարացել է սնանկության գործով կառավարիչների որակավորում ստանալու գործընթացը, սակայն գործերի հավասար բաշխման համակարգի ներդրումը  և այլ բարեփոխումները ոլորտը դարձրել են բավականին գրավիչ և ոլորտով հետաքրքվողների պակաս պետք է որ չլինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել