ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության եւ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական անհետաձգելի գործողությունների, համակարգված եւ հետեւողական աշխատանքի արդյունքում բացահայտվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի եւ այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող եւ «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, տարբեր անձանց կողմից այդ խմբավորումներին մասնակցելու եւ «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով մասնավոր խնդրին վերաբերող վեճը լուծելու համար քաղաքացու կողմից դիմելու դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Բացահայտված հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 2020թ. օգոստոսի 10-ին հարուցված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչություն, որտեղ ստեղծված քննչական խմբի կողմից 2020թ. օգոստոսի 13-ին ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ջանքերով կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել եւ ձերբակալվել են «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը եւ նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել