News.am-ը գրում է․

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնել է Լիբանան` ողբերգական պայթյունից հետո երկրին սատարելու համար, հայտնում է Associated Press-ը:
Ինչպես գործակալությանը հայտնել են Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունից, Մակրոնը հանդիպումներ կունենա Լիբանանի քաղաքական առաջնորդների հետ:

Բացի այդ, Ֆրանսիան տոննաներով օգնություն եւ մասնագետներ է ուղարկում Բեյրութ:

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը հզոր պայթյուն էր տեղի ունեցել Լիբանանի ռազմածովային բազայի մերձակայքում գտնվող Բեյրութի նավահանգստի տարածքում:

Պայթյունի ալիքը ոչնչացրել եւ վնասել է տասնյակ տներ, ավտոմեքենաներ, մայրաքաղաքի շատ թաղամասերում կոտրվել են շինությունների ապակիները:
Քաղաքային հիվանդանոցները գերծանրաբեռնված են, եւ զոհերին ուղարկում են Բեյրութի ծայրամասեր:

Փլուզվել են նավահանգստի մերձակայքում գտնվող շենքերի ֆասադները, վնասվել են տներն ու գրասենյակներն ամբողջ քաղաքում: Վնասվել է Ռուսաստանի դեսպանատան շենքը, վիրավորվել է աշխատակիցներից մեկը: Նաեւ հաղորդվում է այլ դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի, այդ թվում` Ֆինլանդիայի դեսպանատան շենքի վնասման մասին, որը գտնվում է պայթյունից երկու կմ հեռավորության վրա:

Երկրում համացանցն աշխատում է ընդհատումներով, սակայն դեռ չի հաղորդվում` արդյոք խնդիրները կապված են պայթյունի հետ, թե ոչ:

Միջադեպի հետեւանքով զոհվել է լիբանանյան Քաթաիբ կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը: Տուժել են Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի ընտանիքն ու խորհրդականները: Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորվել է ՄԱԿ-ի 48 աշխատակից: Վիրավորվել է նաեւ Կիպրոսի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը: Պայթյունը համարժեք է 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժի, նշել են հորդանանյան սեյսմոլոգները: Դրա ցնցումները զգացվել են նույնիսկ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում` Բեյրութից 250 կմ հեռավորության վրա:
Բեյրութն աղետի գոտի է հայտարարվել: Քաղաքում երկու շաբաթով արտակարգ դրություն է հայտարարվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել