Հուլիսյան ռազմական գործողությունների ընթացքում էլ առիթներ եղել են նշելու, որ Թուրքիան հիմքեր չունի Հայաստանի նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնելու․ չկան ինչպես դրա ներքին, այնպես էլ արտաքին՝ տարածաշրջանային նախադրյալները։ Չեմ կարծում, որ Անկարան, հանուն Ադրբեջանի ու վերջինիս շահերի, ցանկություն ունենա ներքաշվելու հերթական տարածաշրջանային միջնորդավորված պատերազմում, այն էլ՝ Ռուսաստանի ազգային շահերի համար կենսական նշանակություն ունեցող հետխորհրդային տարածքում և այն էլ՝ փխրուն կայունությամբ ու ռիսկային տարածաշրջանում։ Կարծում եմ` Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հակահայկական ագրեսիվ հայտարարություններն առաջին հերթին ուղղված էին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը և անձամբ Ալիևին՝ Անկարայի համերաշխությունն Ադրբեջանին հայտնելու նպատակով։ Մյուս կողմից՝ չեմ բացառում, որ Անկարան նման հայտարարություններով ձգտում է սիրաշահել Ալիևին ու դրդել նրան հերթական արկածախնդրության՝ Ադրբեջանի ներքաղաքական, ռազմաքաղաքական ու հանրային ուղղություններով իր դիրքերն ամրապնդելու համար։ Ուստի ոչ միայն սխալ է կարծել, որ Անկարայի ու Բաքվի շահերն ամբողջությամբ համընկնում են, այլև որոշ դեպքերում Թուրքիան ձգտում է դուրս գալ Հայաստանի կամ արցախյան ուղղությամբ գործընթացներում Ադրբեջանի նկատմամբ իր մեծ եղբոր ստանձնած պարտավորվածության ճնշող սահմաններից։

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել