Վերջին իրադարձություններն արտասահմանում, որոնց մեջ ներգրավված էին հայկական և ադրբեջանական համայնքները, ունեն շատ լուրջ վերլուծության անհրաժեշտություն, ոչ միայն հայկական համայնքների արձագանքի առումով, այլ նաև ադրբեջանական սադրանքների (ծիրան գեյթ, ադրբեջանցիների հարձակումներ հայերի վրա, ադրբեջանական հակահայկական ցույցեր տարբեր երկրներում և այլն...)։

Նախ՝ պետք է հասկանալ մեր և իրենց համայնքների տարբերությունը, որը շատ կարևոր է, որ մենք այսուհետ նախօրոք ճիշտ հաշվարկենք մեր թշնամիների քայլերը։

Նախ՝ հայկական համայնքների արձագանքները ադրբեջանա-թուրքական հակահայկական գրոհների մասով բավական դրական էին։

Գրեթե բոլոր ճակատներում մերոնք կարողացան բավական էֆեկտիվ դիմակայել և շատ դեպքերում կանխել մեր թշնամիների հակահայկական քայլերը։

Երևացին ինքնակազմակերպման բարձր մակարդակը և կոմունիկացիաների արագությունը։
Պետք է փաստել, որ եթե չլիներ մերոնց հավաքական ներուժի և ինտելեկտի գործոնը, ապա իրադարձությունները կարող էին զարգանալ բավական վատ սցենարով։

Առաջարկում եմ, որ սկսենք կառուցվածքային մասով մի փոքր համեմատել մեզ և ադրբեջանցիներին։

1. Հայկական համայնքները կարելի է պայմանական կիսել երեք մասի՝
Ցեղասպանությունից փրկված հայերի ժառանգներ,
Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանից տնտեսական վատ իրավիճակի հետևանքով վերջին 30 տարվա ընթացքում մեկնածներ,
Վերջին 50 տարվա ընթացքում Եվրոպա և ԱՄՆ մեկնածներ Մերձավոր Արևելքից, Սիրիայից, Իրանից, Լիբանանից և այլն։

Մեր համայնքները հիմնականում կազմավորված են այս երեք խմբերից։

Այս համայնքային երեք խմբերի փոխհարաբերությունների բարդույթների մասին հիմա չեմ խոսի, սակայն պետք է նշել շատ կարևոր ընդհանուր առանձնահատկություն։

Բոլոր հայկական համայնքները ձևավորվել և գործել են առանց Հայաստանի Հանրապետության միջամտության և փաստացի գործել և գործում են Հայաստանի պետական ապարատից անկախ և ավտոնոմ՝ փաստացի դառնալով հայության՝ գլոբալ գլխավոր եռյակի (Հայաստան, Արցախ և Սփյուռք) կարևորագույն բաղկացուցիչ մաս։
Կրկնեմ ևս մեկ անգամ՝ հայկական համայնքները գործում են անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքական, ֆինանսական և տնտեսական ազդեցությունից։

2. Ադրբեջանցիները փաստացի չեն ունեցել համակարգված համայնքներ, մինչև Ադրբեջանի իշխանությունները չորոշեցին շատ արագ ձևավորել մի համակարգ, որը, ըստ իրենց հաշվարկների, պետք է դառնա Ադրբեջանի Հանրապետության համար ազդեցության գործոն տարբեր երկրներում։

Փաստացի, ադրբեջանական համայնքները տարբեր երկներում ուղղակի ֆինասավորվում են պետության կողմից և հանդիսանում են առաջին հերթին Ադրբեջանի ղեկավարության համար որպես քաղաքական ազդեցության կենտրոններ տարբեր երկրներում, որոնք պետք եղած պահին Բաքվից հրահանգավորված ակտիվանում են։
Օրինակ՝ նույն ծիրան գեյթը Մոսկվայում կամ հայերի վրա հարձակումները Եվրոպական քաղաքներում։
...
Իհարկե հայկական համայնքներն ունեն իրենց խնդիրները թե՛ կազմակերպչական, թե՛ կառավարման համակարգում, բայց սա հանրային տիրույթում քննարկելու առարկա չէ, սակայն պետք է փաստել, որ ադրբեջանցիները, մեկ է, մեր սփյուռքի համար մրցակից չեն համարվում, նույնիսկ տեսական առումով... Այստեղ կարևորն այն է, որ ադրբեջանական պետական համայնքային կառույցները մեզ պետք է հետաքրքիր լինեն մի պատճառով, մենք պետք է բացահայտենք նրանց թույլ օղակները և աշխատենք էֆեկտիվ կերպով նեյտրալիզացնելու ուղղությամբ, քանզի իրենք չեն առաջնորդվում դասական համայնքային գործունեության կանոններով, այլ ներկայացնում են թշնամի պետության ուղղակի հետաքրքրությունները։

Թերևս այսքանը, կարծում եմ՝ մենք առիթ կունենաք վերադառնալու այս թեմայի քննարկմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել