
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում տեղի ունեցած բարեգործական աճուրդի ժամանակ վաճառվել է Բենքսի կեղծանունով բրիտանացի փողոցային նկարչի ծովային եռանկարը: Այս մասին հայտնում է Kp.ru-ն՝ հղում տալով Sothebys աճուրդի տանը:
Նշվում է, որ եռապատկերը, որը նվիրված է Եվրոպայում ներգաղթի ճգնաժամին, երեքշաբթի երեկոյան վաճառվել է 2.9 միլիոն դոլարով:
«Տեսարան դեպի Միջերկրական ծով 2017»(Mediterranean Sea View 2017) ընդհանուր անվանումով երեք նկարներում, որոնք արվել են 19-րդ դարին բնորոշ ռոմանտիզմի ոճով, պատկերված է ծովում ալեկոծվող և ափ նետված նարնջագույն փրկարար օղակներ և ժիլետներ: Այսպիսով գրաֆիտի ոճի հայտնի նկարիչը պատկերել էր փախստականների ողբերգությունը, որոնք փորձում են ծովով Եվրոպա հասնել:
Նշվում է, որ այդ եռապատկերը գնահատվում էր 800 հազարից 1.2 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ աճուրդում այդ կտավից ստացված գումարը կհատկացվի Բեթղեհեմում գտնվող հիվանդանոցին: