Ճիշտն ասած ես մինչև վերջերս, այս տաղանդավոր կոմիկին միշտ դիտել եմ իր մասնագիտության, այսինքն՝ դերասանական տեսանկյունից և ես չէի կարող պատկերացնել, որ նա օժտված է այսպիսի հատկանիշներով… Երբ հանրությունը տեղեկացավ, որ դերասան, «Կարգին հաղորդում» շոուի համահեղինակ Հայկ Մարությանը՝ Հայկոն, իր սեփական մեքենայով մարդկանց անվճար Օպերայի տարածքում գտնվող կանգառից տեղափոխում է Կոմիտաս, դա մեծ ոգևորություն առաջացրեց ժողովրդական լայն մասաների մեջ: Մարդիկ սկսեցին այլ աչքով նայել տաղանդավոր դերասանին: Ահա, թե ինչ ասաց կանգառում կանգնած մի պատկառելի կին,-« …մինչև Հայկոյի այս քայլը ես մտածում էի, որ դերասանները «օտարված» են մեզանից, նրանք ապրում են իրենց շքեղ կյանքով և նրանց ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ ծայրահեղ աղքատ վիճակում է գտնվում իր երկրի շարքային քաղաքացին, բայց Հայկոն և նրա ակցիային միացած այլ դերասաններն ապացուցեցին, որ կարող է նյութապես նրանք մեզանից լավ են ապրում, բայց հոգեպես նրանք մեր կողքին են»: Եվ այս կարծիքին են շատ ու շատ մարդիկ մասնավորապես երկրի անապահով խավը, այսինքն՝ երկրի մեծամասնությունը: Սակայն, արի ու տես կան որոշ լրագրողներ, / փառք աստծո նրանց մատների վրա կարելի է հաշվել/ որոնց չգիտես, թե ինչո՞ւ նյարդայնացնում է Հայկ Մարությանի այս քայլը, նրանք փորձում են արժեքազրկել ժողովրդի կողմից սիրված և ընդունված դերասանի հիրավի մարդկային արարքը: Այդ լրագրողներից մեկը նույնիսկ փորձել է բացատրել այս արարքը այն հանգամանքով, որ Հայկոն «Արմենիա» հեռուստաալիքից երևի պատրաստվում է դուրս գալ… Կա´մ նրանք պատշաճ տեղեկացված չեն, կա´մ դիտմամբ իրենց չտեղեկացվածի տեղ են դնում, քանզի Հայկոն ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ Արմենիա թիվիից, այլ նաև իր ընկերոջ Մկոյի հետ միանգամից երկու պրոեկտի վրա են աշխատում, ի դեպ ասենք, այն ընկերոջ հետ, որի մասին նույն լրագրողներն ասում էին, որ նա շատ վատ հարաբերությունների մեջ է Հայկոյի հետ:
Հ.Գ Հայկոն և իր ընկերները, այս քայլով ապացուցեցին, որ նրանք առաջին հերթին մեծատառով մարդիկ են և հետո նոր տաղանդավոր դերասաններ, իսկ դա այս աղքատ երկրի համար շատ մեծ նշանակություն ունի, քանզի, երբ մշակույթի ներկայացուցիչները ժողովրդի հետ են, այդ ժողովուրդը միշտ հաղթանակած է դուրս գալիս իր նախաձեռնությունների մեջ…: