1in.am-ը գրում է.
Լատվիական Յուրմալայում մեկնարկել է երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2013» 12-րդ միջազգային մրցույթը:
Այսօր անցկացվեց մրցութային առաջին օրը, մասնակիցները կատարեցին համաշխարհային հիթեր:
Մեր երկիրը ներկայացնող «Հայաստանի Ձայն» հեռուստանախագծի հաղթող Մերի Մնջոյանը մրցութային առաջին օրը փառահեղ ելույթ ունեցավ: Նա ներկայացրեց միջազգային հիթերից Սելին Դիոնի՝ All By Myself երգը: Մերին մրցութային առաջին օրը ստացավ 114 միավոր:
Վաղը երկրի հիթի օրը Մերի Մնջոյանը Էրիկի հետ միասին հանդես կգա զուգերգով և կկատարեն Առնո Բաբաջանյանի «Твои следы» երգը, ինչպես նաև որպես հեղինակային երգ կներկայացնի երաժշտության հեղինակ Հայկոյի և խոսքերի հեղինակ «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի կողմից իր համար գրված «Ես ու միայն դու» երգը»
Ի դեպ՝ Մերի Մնջոյանը մրցույթում Հայաստանի միակ մասնակիցն է:
Նշենք, որ հաղթանակի համար պայքարում են 11 երկրի 16 մասնակիցներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Վիետնամից, Գերմանիայից, Ինդոնեզիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Կուբայից, Լատվիայից, Ռուսաստանից և Ուկրաինայից:
«Նոր ալիքի»-ի բոլոր մասնակիցները մասնակցել են իրենց երկրներում կազմակերպված մի շարք մրցույթների, նրանցից շատերը զբաղեցրել են առաջին հորիզոնականներ:
Հուլիսի 25-ին մասնակիցները կկատարեն իրենց երկրների հիթերից որևէ մեկը, 26-ին տեղի կունենա Լեոնիդ Ագուտինի ստեղծագործական երեկոն: Մրցութային վերջին համերգը կանցկացվի հուլիսի 27-ին, որը հայտարարված է պրեմիերայի օր: Հաջորդ օրն արդեն կանցկացվի գալլա համերգ և մրցանակաբաշխություն:
Ժյուրիի կազմում են Վալերի Մելաձեն, Վալերիան, Իգոր Կրուտոյը, Իգոր Մատվիենկոն, Իգոր Նիկոլաևը, Կոնստանտին Մելաձեն, Լայմա Վայկուլեն, Լեոնիդ Ագուտինը, Մաքսիմ Ֆադեևը, Տոտո Կուտունիոն, Յուրի Անտոնովը:
Երաժշտական այս փառատոնի գլխավոր նպատակը նոր տաղանդներ գտնելն է: