«Տրյուֆել» բառը շատերն ասոցացնում են ֆրանսիական հայտնի աղանդերի հետ, որը ստեղծվել է XIX դարում: Քաղցրավենիքն արագ տարածվել է ողջ աշխարհում, և տարբեր երկրներ այն սկսել են յուրօրինակ եղանակներով պատրաստել, սակայն մենք այժմ կխոսենք ոչ կոնֆետի մասին, այլ տրյուֆել սնկի, որի պատվին էլ աղանդերն ստացել է իր անվանումը:
Ցանկության դեպքում սնկի այս տեսակից կարող եք գտնել Ֆրանսիայի յուրաքանչյուր շրջանում: Սակայն ամենից որակյալներն աճում են երկրի հարավարևմտյան հատվածում՝ Պերիգորում: Այստեղ օդը բառացիորեն լի է սնկի թարմ հոտով: Յուրահատուկ բույրը ոչ թե պատահականություն է, այլ էվոլյուցիայի ընթացքում առաջացած առանձնահատկություն: Սնկերն աճում են հողի տակ, այդ իսկ պատճառով որքան ուժգին է բույրը, այնքան մեծ է հավանականությունն այն բանի, որ այն կհայտնաբերվի և կուտվի: Իսկ դա էլ, իր հերթին, նշանակում է, որ սնկի սպորները կտարածի քամին և դրանք կաճեն նաև այլ վայրում:
Տրյուֆել սնկերն աճեցնել սկսել են XIX դարում: Այդ ժամանակ մարդիկ ուշադրություն են դարձրել այն բանին, որ տրյուֆելներն աճում են հատուկ տեսակի կաղնու տակ: Այդ ծառերի տակից հավաքված կաղնիներից նոր բույսեր էին աճում, իսկ դրանց արմատներում գոյանում էին տրյուֆելներ: Ավելի ուշ նկատվեց, որ սնկերը հանդիպում են նաև որոշ այլ ծառերի տակ՝ հաճարենու և պնդուկի ծառի:
Ամառային սնկերն աճում են խոտերի մեջ: Նման սնկեր որոնելու համար մարդիկ հատուկ վարժեցնում են շների: Իրականում ամառային տրյուֆելն այնքան էլ արժեքավոր չէ, քանի որ ինքնուրույն է աճում և խնամք չի պահանջում: Իսկ ահա ձմեռային տարբերակը մի ամբողջ գգիտություն է: Մարդիկ ծառերի մոտակայքում փոսեր են փորում, փորձում հասնել դրանց արմատներին, ապա այնտեղ ցանում սև տրյուֆելի սպորներ: Տրյուֆելը ծառից վերցնում է ածխաջրեր, ամինաթթուներ՝ իր հերթին ծառին ապահովելով հեղուկով և հանքանյութերով: Սնկային մարմինների աճը սկսվում է գարնանը, իսկ խոնավ աշնանից հետո դրանք առավելագույն ծավալ են հավաքում։ Հունվարի սկզբին սնկերը կատարյալ ձևի և չափսի են հասնում:
Պատմության ընթացքում այս վայրի սնկերը որոնելու համար օգտագործել են խոզերին, որոնք, սակայն, գտնում են տրյուֆելը, սակայն չեն կարողանում այն դուրս բերել: Հենց այդ պատճառով էլ վարժեցրել են շներին: Ընդհանրապես, սնկի հոտը չի հետաքրքրում շներին, հետևապես նրանց վարժեցնելու համար մեծ ջանքեր են հարկավոր:
1 կգ տրյուֆելի գինը կազմում է 1,000 եվրո և ավելի: Ուտեստներում այն նվազագույն քանակությամբ են ավելացնում: Մարդիկ, որոնք փորձում են վայրի սունկը, վստահեցնում են, որ այն յուրահատուկ համ ունի և անկրկնելի բույր: