Lragir.am-ը գրում է.

Չնայած ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը իր պաշտոնական կայքէջում գրում է, որ Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով և արդյունքներով երկրի առավել դինամիկ զարգացող ճյուղերից է, բայց զբոսաշրջիկների հետ աշխատող զբոսավար ուղեկցորդները նշում են, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է:

«Այժմ Հայաստանում հանգստանալը թանկ է համարվում ոչ միայն Հայաստանի բնակչության, այլ նաեւ այլ երկրների բնակիչների համար: Ես կարող եմ ասել, որ նախկին տարիների համեմատ Հայաստան եկող զբոսաշրջիկների 90 տոկոսը այժմ գնում են Վրաստան, քանի որ այնտեղ ավելի էժան է եւ ընթացքում կարող է մի քանի օրով գան Հայաստան, այն դեպքում, երբ ժամանակին լրիվ հակառակ պատկերն էր»,- lragir.am-ին ասում է Հայաստանում երկար տարիներ որպես զբոսավար ուղեկցորդ աշխատող Նունե Մնացականյանը:

Նա նշում է, որ վերջին շրջանում Հայաստան հաճախ սկսել են գալ Լեհաստանից, քանի որ այնտեղ Հայաստանը լավ գովազդվել է, գալիս են նաեւ Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, իսկ Մեծ Բրիտանիայից քիչ մարդիկ են գալիս: Նվազել է նաեւ ամերիկահայերի թիվը:

«Հայաստանը իրականում շատ մեծ պոտենցիալ ունի տուրիզմի զարգացման համար, սակայն ներկայումս նախարարության կողմից տարվող քաղաքականությունը գնային թանկացումներով չի նպաստում, որ այդ ոլորտը զարգացում ապրի»,- համոզված է նա:

Նա ասում է, որ զբոսաշրջիկների մեծ մասը գերադասում են Թիֆլիսով գալ ու գնալ Հայաստան, քանի որ տրանսպորտի գինը Թիֆլիսի համեմատ անհամեմատ բարձր է:

Մնացականյանը ինքը արդեն 4-րդ տարին է հանգստանում է Վրաստանում, որտեղ հանգիստը Հայաստանի հանգստի համեմատ 4 անգամ էժան է նստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել