Armenpress.am-ը գրում է․

Ամերիկյան «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համահիմնադիրն ու նախագահը Նուբար Աֆեյանն է, հուլիսի 27-ին հայտնել է, որ անցում է կատարել կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկման հաջորդ մակարդակի, որում ներգրավվել է մոտ 30,000 չափահաս մարդ` չվարակված կորոնավիրուսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ սա առաջին փորձարկումն է, որն անցկացվում է կառավարության ծրագրի շրջանակում: Ծրագիրը նպատակ ունի նպաստել COVID-19-ի դեմ դեղամիջոցների ու պատվաստանյութերի որքան հնարավոր է շուտ ստեղծելուն, փորձարկելուն և մատակարարելուն:

ԱՄՆ-ի կառավարությունը «Moderna Therapeutics»-ի ծրագրի համար հատկացրել է շուրջ 1 մլրդ դոլար և ընտրել է ընկերության կողմից մշակված պատվաստանյութը մարդկանց շրջանում մասշտաբային փորձարկումների համար: Ընկերությունը տեղեկացնում է, որ հետազոտությունների գլխավոր նպատակն է հիվանդության սիմպտոմատիկ դրսևորումների կանխարգելումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել