Ռուսաստանի հայության ինքնակազմակերպումն անշուշտ անհրաժեշտ, բայց ոչ բավարար գործոն է վերջին շրջանում ծավալվող գործընթացների համատեքստում։ «Հին հայկական համայնքները» պատմականորեն բավականին ինքնաբավ են եղել Ռուսաստանում, եվ խորհրդային տարիներին մեկ պետության շրջանակում բազմաթիվ հարցեր ուղղակի չէին առաջանում, քանի որ հարաբերություններում բացակայում էր քաղաքական բաղադրիչը՝ իր բոլոր հետեւանքներով։ Ներկայումս պատկերը լրիվ այլ է, եւ հաճախ առաջին պլան է գալիս հենց պետության դերակատարությունն ու միջպետական քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը։ Հայության շահերի պաշտպանության գործում առավել արդյունավետ կլինի նա, ով առավելագույնս կիրացնի եւ կհամադրի ռազմավարական նշանակության քաղաքական հարաբերությունները և մարտավարական բնույթ ունեցող դիվանագիտական առաքելության եւ համայնքային կառույցների ու ազդեցիկ անհատների ջանքերը։ Խոսքը միայն պաշտոնական հարաբերությունների մասին չէ։ Ես չեմ կարծում, որ թված հիմնական բաղադրիչներից որեւէ մեկի բացակայությունը (եւ առաջին հերթին` ռազմավարական բնույթի) կարելի է հաջողությամբ լրացնել մեկ ուրիշով։ Միևնույնն է, համեմատ լրիվ կազմակերպված այլ համակարգերի, մնալու ես խոցելի, կաղալու ես: Մեզ ամբողջական և ժամացույցի պես աշխատող համակարգ է պետք: Դրա փորձը պատմականորեն մենք ունենք, մենք դա կարող ենք անել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: