Մի քանի պարզ հարց իշխանությանը.
1. Շարունակու՞մ եք արդյոք պնդել, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար:
2. Շարունակու՞մ եք արդյոք գտնել, որ պետք է մասնավորապես հայ ժողովրդին պատրաստել խաղաղության:
3. Շարունակելու՞ եք արդյոք բանակցել Ադրբեջանի հետ «ոչ միակողմանի զիջումների» կամ պակաս անկեղծ ձևակերպմամբ` «փոխզիջումների» շուրջ:
4. Ընդհանրապես շարունակելու՞ եք բանակցել Ադրբեջանի հետ:
5. Գալու՞ է այն պահը, երբ պահվելու է պաշտպանության նախարարի խրոխտ հնչող երդում-ձևակերպումը. «նոր տարածքներ` նոր պատերազմի դիմաց», թե՞ սեփական տարածքում չզբաղեցված ազատ դիրքեր ենք շարունակելու միայն զբաղեցնել և այդ դիրքերի վրա թշնամու հարձակումների ջախջախումը ներկայացնել որպես հերոսական ազատագրական մարտեր, որոնց արդյունքում արդեն զգում ենք Կասպից ծովից փչող քամին:
6. Համարու՞մ եք արդյոք, որ աշխարհում ադրբեջանցիների կազմակերպված հարձակումները հայերի դեմ պոգրոմներ են, արդի տարբերակով` զանգվածային ահաբեկչություն և ջարդերի փորձ, և որ դրանց կազմակերպիչը Ադրբեջանի պետությունն է:
7. Եթե այո´, ինչպե՞ս եք պատրաստվում հետագայում շփվել ահաբեկչական պետության հետ և բանակցել, երբ ահաբեկիչների հետ ոչ ոք երբեք չի բանակցում` բացի հանձնվելու մտադրություն ունեցողներից կամ ահաբեկչի պահանջներին հանձնվողներից:
Գրեթե վստահ եմ, որ հարցերի հասցեատիրոջ գրեթե բոլոր պատասխանները հատկապես հարցերի երկրորդ խմբի մասով բացասական են: Վստահ եմ նաև, որ դրանք ոչ միայն բացասական են, այլև շարունակվելու է նախկին գիծը առավել ընդգծված կերպով: Որովհետև այն ահաբեկչական ճնշումը, որ կիրառվում է Ադրբեջանի կողմից` վախկոտ ապազգային-հակազգայիններին ավելի է հակելու մեղմացման` իհարկե, արտաքուստ պահելով խրոխտ հռետորաբանությունը և հայ հասարակությանն ավելի ռազմահայրենասիրական քաղցրահունչ ստեր մատուցելով:
Հ.Գ. Պատերազմի ժամանակ հարցեր տալիս են: Պատերազմի ժամանակ պարտվող կողմից անգամ պահանջում են հեռանալ իշխանությունից: Իսկ այս իշխանությունը` զինվորների հերոսական ու հաղթական պաշտպանությունը վերածում է քաղաքական ու դիվանագիտական խայտառակ պարտությունների: Պատերազմի ժամանակ հերոս ձևացող թուլամորթ ապիկարներին ենթարկում են ամենադաժան քննադատության: