Politik.am-ը գրում է․

Այս օրերին կրկին հասարակական-քաղաքական քննարկումների եւ բանավեճի թիրախում (եթե այդպիսի բանավեճ կա բառի քաղաքակիրթ ընկալմամբ) հայ-ռուսական հարաբերություններն են։

Քննարկումները սկսվեցին RT-ի գլխավոր խմբագիր, ըստ Forbes-ի, աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկն համարվող մեր հայրենակցուհի Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստանի ներկայիս իշխանություններին ուղղված կոշտ գրառմամբ եւ շարունակվեցին նրա ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քյոսայանի գրառմամբ։

Մենք արդեն առիթ ունեցել ենք ասելու, որ Մարգարիտա Սիմոնյանի գրառումը երբեք չպետք է ընդունել որպես սոսկ Մարգարիտա Սիմոնյանի գրառում, այլ դա ըստ ամենայնի Կրեմլի տեսակետն է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի մասին, արտահայտված կիսապաշտոնական մակարդակում։

Իհարկե, ՀԱՊԿ-ում կարող են օրը հազար անգամ ասել, որ Մարգարիտա Սիմոնյանի քննադատությունները պարունակող նյութը իրենց սոցկայքային էջում հայտնվել է տեխնիկական վրիպակի պատճառով եւ ապա հեռացվել օպերատիվորեն, իսկ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն էլ օրը երկու հազար անգամ ասել, որ ՀՀ ԱԳՆ-ն հետամուտ է լինելու, որ այդ տեխնիկական վրիպակները չկրկնվեն (հետաքրքիր է ինչպես, հենց սա է Աննա Նաղդալյանի գրառման մեջ ողբերգականորեն ամենազավեշտալի պահը․ ՀԱՊԿ սոցկայքային էջերի կառավարումն են ստանձնելու, թե ոնց), սակայն ինչպես հին հայկական խոսքն է ասում՝ «թամամ (ամբողջական) խոսքը էշին կասեն», իսկ քաղաքականության եւ հատկապես դիվանագիտության մեջ, եւ ի մասնավորի այս առանձին դրվագում (եւ հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի մասին ընդհանուր առմամբ), այս խոսքը խիստ դիպուկ է եւ արդիական։

Խնդիրը ըստ ամենայնի հետեւյալում է, իսկ ինչու Փաշինյանին չի հաջողվում հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ։ Իհարկե, Տիգրան Քյոսայանը իր գրառման մեջ եւ Մարգարիտա Սիմոնյանն էլ իր գրառման մեջ, հարցի պատասխանը տվել են ամեն մեկը յուրովի խոսելով նույն բանի մասին, սակայն փորձենք հասկանալ ինքնուրույն վերլուծելով խնդիրը։

Թե իրականում Փաշինյանն ունի արդյոք ցանկություն Մոսկվայի հետ հարաբերություններ կառուցելու, դժվար է ասել, քանի որ զուտ անձնական ցանկությունը քաղաքականության մեջ առանձնապես դերակատարություն չի կարող ունենալ, եթե կան քաղաքական առաջնահերթություններ, ռազմավարական խնդիրներ եւ այլն։ Սակայն, նույնիսկ եթե ինքը ունենա էլ այդ ցանկությունը ամենաջերմ կերպով, ապա կկարողանա՞ արդյոք հասնել դրա իրականացմանը։

Առաջին վարկածի համաձայն այո, քանի որ որպես երկրի ղեկավար, նա նախ ունի չափազանց ընդարձակ լիազորություններ (չմոռանանք սուպերվարչապետական կոստյում է կրում) եւ բացի այդ, ունի ժողովրդական աջակցություն։ Երկրորդ պատասխանի համաձայն, ոչ։ Թե դրական, և թե բացասական պատասխանի դեպքում պետք է մի փոքր հետ գնանք եւ հասկանանք թե իսկ ինչպե՞ս է ձեւավորվել Փաշինյանի իշխանությունները։

Այս մասին արդեն խոսել ենք և արձանագրել, որ իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լաթակարկատ է եւ նման է բաժնետիրական ընկերության, որտեղ կան մի շարք բաժնետերեր եւ հավաքված թիմն իրականում միավորված է ոչ թե գաղափարական հենքով, այլ շահերի՝ կարճաժամկետ համընկնման պահով։ Ու ըստ էության Փաշինյանը այլեւս վերահսկիչ ծրար չունեցող բաժնետեր է, եւ իր որոշումները պետք է համաձայնեցնի մյուս բաժենտերերի հետ։

Այդ բաժնետերերից են պայմանականորեն ասած «սորոսականները», կամ Արեւմուտքի շահերը սպասարկողները։ Կարելի է ասել, որ նրանք բավականին ուժեղ են, այն աստիճան, որ գոնե հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված, կարողանում են որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալ։

Իհարկե, եթե հաշվի առնենք Փաշինյանի այսպես ասած ժողովրդական լայն աջակցությունը, ապա հնարավոր է, որ եթե Փաշինյանն ունենար անձնական ցանկություն ռուսների հետ հարաբերություններ կառուցելու, պարզապես կհենվեր այդ աջակցության վրա, եւ իրեն հատուկ պոպուլիզմով ինչ որ փաթեթավորմամբ, կներկայացներ իր քայլերը եւ կչեզոքացներ հակառուսական թեւին։ Եթե չի անում, ապա կամ ցանկություն չունի կամ այդ աջակցությունը այնքան է մսխել, որ հասկանալիորեն «սորոսականները» դարձել են Փաշինյանի տիկնիկավարներից մեկը։ Խնդիրը հենց այստեղ է, որը պետք է հասկանան նաեւ իշխանական ճամբարում Մարգարիտայի եւ Տիգրանի գրությունների հետ կապված «սուբյեկտիվ մտքեր արտահայտողները»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել