Civilnet.am-ը գրում է.
Գործարար Վահան Քերոբյանը միացել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ սկսված բողոքի ակցիաներին և իր մեքենայով ուղևորներ է տեղափոխում Երևանում: Նա հաշվարկել է, որ քաղաքապետարանը ուղեվարձի բարձրացման հիմքում լուրջ շեղումներ է թույլտվել: ՍիվիլՆեթի հետ նրա զրույցից հատվածներ ներկայացված են ստորև:
Ես՝ որպես գործարար, փորձեցի հաշվել, թե այն հաշվարկները, որոնք քաղաքապետարանը ներկայացրել է, իսկապես հիմք ունե՞ն, թե՞ ոչ: Առաջին հայացքից շատ տպավորիչ, շատ համոզիչ են, բայց երբ խորանում ես ինչ-որ թվի մեջ, տեսնում ես որ, ասենք, յուրաքանչյուր թիվ իր մեջ անճշտություն է պարունակում և այդ անճշտությունների հանրագումարը դառնում է մի կլորիկ տոկոս ընդհանուրի մեջ, որը թույլ է տալիս խիստ կասկածով վերաբերվել: Մասնավորապես՝ երթուղիների երկարություններն են նշված, որոնք, երբ դնում ես Google Мap-ով չափում ես, էական տարբերություն է ստացվում՝ առնվազն մոտ 20%-ի: Նայում ես վառելիքի ծախսը 100 կմ-ի համար, հետո հանում ես ավտոբուսների կամ երթուղային տաքսիների վառելիքի ծախսը, նորից տեսնում ես, որ այդտեղ էլ մի 20%-ի տարբերություն կա: Այդ ամեն ինչի հանրագումարում, նույնիսկ մի շարք ծախսային հոդվածներին ձեռք չտալով, իմ հաշվարկներով ստացվում է, որ տրանսպորտի ինքնարժեքը 80 դրամ է՝ գուցե, ասենք, մեկ ուղևորի համար:
Ես համեմատական եմ անցկացրել ընդամենը քաղաքապետարանի տված հաշվարկների, որոնք ինտերնետում կան, և իրական հաշվարկների միջև՝ նույն ծախսերով: Նույնիսկ բազմաթիվ ծախսեր ընդհանրապես ընդունել եմ որպես ի գիտություն: Նրանք, որոնք քաղաքապետարանը տվել է, օրինակ, գրեթե բոլոր ֆիքսված ծախսերը՝ հաստատագրված վճարներ, վերադիր ծախսեր, նույնիսկ անվադողերի ծախսն եմ ընդունել նրանցը: Չեմ ընդունել ընդամենը վառելիքի ծախսը, երթուղու երկարությունը, և իհարկե բոլորս շատ լավ գիտենք ու շատ լավ տեսնում ենք, որ բոլոր ավտոբուսների վրա գովազդներ են փակցված: Ավտոբուսները նաև մարկետինգային եկամուտ ունեն, անվճար չէ կպցված այդ գովազդը, երթուղիների տերերը դրանից օգուտ ունեն: Դա լավ է և դա պետք է ուղղված լինի սակագնի իջեցմանը, ոչ թե լինի հավելյալ գերշահույթ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ