Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելու է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։ Հարցը ներառված է Կառավարության այսօրվա՝ հուլիսի 23-ի նիստի օրակարգում։

Կառավարության կողմից թեկնածուի առաջադրումից հետո Ազգային ժողովը պետք է քվեարկի նրա օգտին, որպեսզի Վահրամ Ավետիսյանը համարվի ՍԴ դատավոր։ Եթե ԱԺ-ն դեմ քվեարկի գործադիրի թեկնածուի օգտին, Կառավարությունը կարող է առաջադրել մեկ այլ թեկնածություն։

Հուլիսի 21-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել էր հունիսի 30-ին ընդունված ՍԴ մասին օրենքը, և պաշտոնական հրապարակումից հետո օրենքը ուժի մեջ է մտել։ Ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրել էր, որ ինքը չի ստորագրելու ԱԺ-ի ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով:

Խորհրդարանը հունիսի 30-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կողմ՝ 80, դեմ՝ 1 ձայներով, առանց ընդդիմության մասնակցության ընդունել էր «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Այսպիսով, նախագծով նախատեսվում է փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների կողմից կատարվող առաջադրումների հերթականությունը: Ըստ այդմ՝ առաջինը թեկնածուին առաջադրում կատարում է Կառավարությունը, երկրորդին՝ հանրապետության նախագահը, իսկ երրորդին՝ Դատավորների ընդհանուր ժողովը: ՍԴ դատավորների երեք թափուր տեղերի համար առաջադրումները կատարվելու են միաժամանակ՝ համապատասխանաբար Կառավարության, հանրապետության նախագահի և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից՝ 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց, այն է՝ հունիսի 26-ից հետո՝ երկամսյա ժամկետում:

Սահմանադրության փոփոխությունների ուժով առաջացած՝ Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում ընտրությունը պետք է կատարվի Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը համալրելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

Նախագծով փոփոխություններ են կատարվել նաև լիազորությունների ժամկետը ավարտված և պաշտոնավարումը դադարած ՍԴ դատավորների՝ կենսաթոշակի անցնելուն վերաբերող հոդվածում:

Հստակեցվում է նաև 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պաշտոնավարումը չդադարած ՍԴ մյուս դատավորների՝ պաշտոնավարումը շարունակելու օրենսդրական հիմքը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել