Irakanum.am-ը գրում է․
Մեր աղբյուրների փոխանցմամբ վերջերս ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել նիստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարեկան հաշվետվության հետ կապված, որին բացի ԿԳՄՍՆ ներկայացուցիչներից ներկա են եղել նաև ԱԺ համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչները և ԲՈԿ նախագահ Ս․ Գոգյանը։
Քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ԲՈԿ նախագահը, ով իրեն հարիր ոճով մեղադրանքներ է բարձրաձայնել, որից հետո պատասխան ելույթով է հանդես եկել ԿԳՄՍ փոխնախարար Գ․ Թամրազյանը։ Մեր տեղեկություններով Թամրազյանը «քարը քարի վրա չի թողել»՝ Գոգյանին հակադարձելով խիստ փաստարկված, անդրադառնալով նաև Ազգային Ժողովում տեղի ունեցած քննարկմանը ու ՀՊՏՀ շուրջ հյուսվող ինտրիգներին։
Մասնավորապես, Թամրազյանն ընդգծել է, որ ԱԺ քննարկումը փակ լինելով հանդերձ, հանրայնացվել է որոշ իմքայլական պատգամավորների կողմից, իսկ ինքը, հավատարիմ մնալով ի սկզբանե որդեգրած սկզբունքին, չի հանրայնացնել քննարկումը, թեև այն ծավալվել է բացառապես հօգուտ Թամրազյանի։
Բանն այն է, որ փոխնախարար Թամրազյանի կտրուկ և էմոցիոնալ պահվածքը խիստ դուր է եկել վարչապետ Փաշինյանին, հատկապես, երբ փոխնախարարը շեշտադրել է, որ անընդունելի է համարում որոշ պաշտոնյաների ֆեյսբուքյան ակտիվությունը՝ ուղղված իր անձի դեմ, թիմի պառակտմանը և այլ պաշտոնյաների մասին մեղադրական գրառումներով հանդես գալուն։ Ելույթից հետո վարչապետը խիստ սաստել է Գոգյանին՝ նման պահվածքը որակելով դատապարտելի։ Նիստի ավարտին Գ․ Թամրազյանը մոտ մեկ ժամ եղել է կառավարության շենքում, սակայն թե ում հետ է հանդիպել՝ չհաջողվեց պարզել։
Նախարարության մեր աղբյուրները պնդում են, որ նախարար Արայիկ Հարությունյանի միակ հուսալի «հենարանը» Թամրազյանն է, ով ունի բավականին շիտակ և տղամարդկային պահվածք ու որոշումների ընդունման կարողություն և նախարարության աշխատակիցները մեծ հարգանքով են վերաբերվում նրան։ Հենց սա է պատճառը, որ թիմային մտածելակերպից զուրկ «նորելուկ» իմքայլականներին նյարդայնացնում է Թամրազյանը և նրանք ամեն կերպ փորձում են վերջինիս «խաղից դուրս թողնել»։
Այսպիսի չլսված ներքին պառակտում, որի հիմքում միայն սեփական ամբիցիաներն են ու դատարկ պոպուլիզմը, դեռ չէր տեսել ՀՀ բազմաչարչար քաղաքական դաշտը։ Այնուամենայնիվ, ՀՊՏՀ ռեկտորին հովանավորելու մասին մեղադրանքները նույնիսկ չվախեցրեցին Թամրազյանին և ի վերջով հուլիսի 17–ին Դ․ Գալոյանը ընտրվեց ՀՊՏՀ ռեկտոր։ Թերևս ճիշտ էին օլիմպիական չեմպիոնները իրենց աջակցող նամակում Թամրազյանին որակելով որպես հաղթող տեսակ։