Եվ ուրեմն, երկար մտածելուց հետո Նիկոլ Փաշինյանը հասկացել է երկու կարեւոր սկզբունք․ «Առաջին`Հայաստանը չի կարող հարյուր տոկոսով հույս դնել Ռուսաստանի աջակցության վրա, եւ դա առանձնապես կախված չէ նրանից՝ ՀՀ իշխանություններն անվերապահորեն ենթարկվո՞ւմ են Կրեմլին, թե՞ երբեմն-երբեմն ինքնուրույնություն են դրսեւորում։ Երկրորդ`Հայաստանը չի կարող հույս դնել նաեւ Արեւմուտքի աջակցության վրա, որովհետեւ այդպիսի աջակցություն կա՛մ չի լինի ընդհանրապես, կա՛մ կլինի ուշացած, կա՛մ էլ այդ աջակցության դիմաց մեզանից չափազանց մեծ զիջումներ կպահանջեն»:
Եվ ուրեմն, անհրաժեշտ էր երկու երկար տարիներ, անհրաժեշտ էր Հայաստանը տանել անհաշիվ փորձությունների միջով՝ սկսած ղարաբաղյան բանակցությունները տապալելուց, զորքերը Սիրիա ուղարկելուց, նույնասեռականություն քարոզելուց մինչեւ սահմանադրական կարգի ոչնչացում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հասկանար, որ քաղաքականությունը հիմնվում է շահերի վրա, եւ ոչ թե Ռուսաստանին կամ Արեւմուտքին ենթարկվելու վրա։
Լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը նաեւ հասկանար, որ դիվանագիտության հիմնական խնդիրը քո շահերը մյուս երկրների շահերի հետ համադրելն է եւ ոչ թե քմահաճ քայլեր անելը եւ սեփական ցանցառությունը որպես անկախություն ներկայացնելը։ Իսկ դրա գիտակցումը չկա, քանի որ նրա մտորումներն ավարտվում են սարսափելի եզրակացությամբ․ «Եզրակացությունը միակն է. Հայաստանն իր առջեւ պիտի դնի միայն այնպիսի խնդիրներ, որոնք ի վիճակի է լուծել բացառապես սեփական ուժերով»։ Այսինքն, դնել պարզունակ խնդիրներ, ասենք՝ պահանջել ՀԴՄ, կրել դիմակ, ձերբակալել Քոչարյանին, որպեսզի ցույց տաս, որ գոյություն ունես որպես իշխանություն, եւ ամենակարեւորը՝ պարգեւավճարներ բաժանել։
Խնդիրն այն է, որ այսպիսի պարզունակ մտածողության քաղաքական ուժին է վստահվել երկրի ղեկավարումը, նրան է տրվել այն լծակները, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն ինչ-որ քայլեր ձեռնարկել, այլեւ պարտավորություն, որ այդ քայլերը արդյունք տան։ Ավելին, այդ մարդկանց է վստահվել նաեւ դիվանագիտությունը, որն ըստ սահմանման ոչ միայն քո, բացառապես քո քայլերի մասին է, այլեւ ուրիշների հետ համագործակցելու եւ այդ համագործակցությամբ երկրին օգուտ բերելու մասին։
Եւ մի հարց․ արդյո՞ք Նիկոլը հասկացել է, որ Արեւմուտքն իր հանդեպ վերջին անգամ կխախտի խոստումը եւ իշխանափոխությունից հետո իրեն ապաստան չի տրամադրի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/3341481219246312
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել