Էն, որ մեր հեռուստատեսությունը վերածվել ա հիմարության գործարանի` նկատել են շատերը: Էդ գործարանի աշխատանքի մեթոդոլոգիան էլ ա քիչ թե շատ պարզ` հաղորդավարի հարցերը միտված են խոսակցությունը էժանացնելուն, հնարավորություն չեն տա` կապակցված միտք արտահայտես, հենց հաջողացրիր, հենց խոսակցությունը մոտեցավ բուն խնդրին ու դարձավ գոնե մի քիչ ըստ էություն, հաղորդավարը մի անկապ հարցով կընդհատի քեզ, շեղելով անկապ ուղղությամբ: Ավելին, երբեմն հաղորդավարը որպես զինակից ունենում ա հատուկ ականներ` տաղավարում նստած հանդիսատեսի մեջ: Մեկ էլ բարձրախոսը կփոխանցեն 18 տարեկան մի Մանուկի, որը կսկսի կոմերիտականի առոգանությամբ զառանցել: Ու գնաց` թամաշան պատրաստ ա: Էս ամեն ինչը պարզ էր, նորություն չէր, ես դրա մասին գրել եմ դեռ անցած տարի` ՀԻՄԱՐ ՍԱՐՔԵՄ ՔԵԶ (քանի որ կայքը, որում հրապարակվել էր իմ էս նյութը, հիմա չի գործում, ստիպված դրեցի էս վերատպության հղումը): Բայց մինչեւ վերջերս իմ համար շատ պարզ չէր սրա մոտիվացիան, ավելի ճիշտ` մոտիվացիան ընդհանուր գծերով կռահում էի, ուղղակի պարզ չէր` ոնց ա էդ մոտիվացիան կոնկրետ աշխատում: Բայց ճակատագիրը չուզեց ինձ երկար անգիտության մեջ պահի, հուշում ուղարկեց:

Մի երկու շաբաթ առաջ էր, պատահաբար սրճարանի նույն սեղանի շուրջ հայտնվեցի մարդու հետ, որը հեռուստատեսությունը գիտի ներսից` ոչ վաղ անցյալում դրանում զբաղեցրած լինելով բավական բարձր պաշտոններ: Խոսք բացվեց սերիալների մասին ու ես լսեցի սենց մի նկարագրություն: Հեռուստատեսության աշխատողներն ունեն էս կամ էն սերիալը/հաղորդումը նայողների շատանալ/քչանալուն հենց ընթացքից հետեւելու հնարավորություն (հեռուստացույց ունեցողների մի որոշակի տոկոսի մոտ տեղադրված են էս կամ էն ալիքը միացնել/անջատելը ֆիքսող սարքեր): Եթե կոնկրետ մի ալիքի, պայմանականորեն ասած` X ալիքի նայողները N պահին նկատելի շատանում են, հնարավոր ա նայել ու հասկանալ ինչով ա դա պայմանավորված, օրինակ` X ալիքի սերիալում էդ պահին մարդ սպանելու նոր եղանակ են ցուցադրում: Եւ Y ալիքի աշխատողը, տեսնելով սա, զանգում ցուցում ա տալիս Y ալիքի սերիալի սցենարիստին, որ անպայման տենց մի թարմ եզություն լինի սերիալի հաջորդ օրվա մասում, որ իրանց ալիքն էլ շատ նայեն: Իսկ եզությունը միշտ շատ են նայում, անգամ հայհոյելով, բայց նայում են: Եթե ալիքը շատ են նայում, դրա ռեյտինգը բարձրանում ա, եթե ռեյտինգը բարձրանում ա, ամենայուղոտ գովազդատուները շտապում են դեպի էդ ալիքը, եթե յուղոտ գովազդը շատանում ա, փողն էլ ա շատանում:

Իմ զրուցակիցը կոնկրետ սիրիալներից էր պատմում, բայց դժվար չի հասկանալ, որ մոտիվացիայի նույն էս մեխանիզմը գործում ա նաեւ մնացած հաղորդումներում, մասնավորաբար` թոք շոուներում, ուղղակի էստեղ մարդ սպանելու տեսարաններին հիմնականում փոխարինում ա կռիվ-ղալմաղալը: Ու հենց էդ մեխանիզմի պատճառով ա, որ հեռուստաալիքների անգին գանձն ա դարձել թեթեւակիորեն խելապակաս, բայց փոխարենը անհուն էներգիայով լցված մի դեռահաս պատանի` Մանուկ անունով, Նիգոյան ազգանունով: Մանուկն իսկապես անգին գանձ ա հեռուստատեսության միջոցով փող սարքողների համար: «Արմենիայի» «Մարդկային գործոնի» վերջերս եթեր գնացած թողարկման ընթացքում, որին մասնակցում էի նաեւ ես, ինչքան էլ որ Նազենին փորձում էր հյուրերին ընդհատելով, անկապ հարցեր տալով գրականության մասին խոսակցությունը շեղել դեպի թամաշա, կարծում եմ ի վերջո չէր կարողանա դրան հասնել , եթե օգնության չգար հայոց հեռուստաընկերությունների արդեն նկարագրածս ծանր հրետանին` Մանուկ նիհար պատանյակ Նիգոյանը: Նիհար պատանյակն էս անգամ էլ իրա գործն արեց, հաղորդումը վերածեց թամաշա-սկանդալի, ինչի արդյունքում, նշածս հիմարություն-սկանդալ-ռեյտինգ-փող շղթայի տրամաբանությամբ, որոշ աշխատողների փողը պետք ա որ բարձրանա, քանի որ վերջին երկու շաբաթվա ընթացքում ծանոթ-անծանոթների հետ շփումից հասկացա, որ նիհար պատանյակով ծաղկացված «Մարդկային գործոնը» շատ շատ մարդիկ են նայել: Ուրիշ հարց, թե ռեյտինգի բարձրացման, դրա բերած գովազդի ու գովազդի բերած փողերից տոկոսային հարաբերությամբ «Արմենիայի» աշխատողներից ում ինչքան ա հասնում, մասնավորապես ինչքան ա հասնում Նազենուն (խեղճ նիհար պատանյակին ենթադրում եմ որ բան չի հասնում): Բայց սա հասկանալու համար ես երեւի մեկ ուրիշ սրճարանում պետք ա հանդիպեմ մեկ ուրիշ մարդու:

Ի դեպ, «Մարդկային գործոնի» հիշատակածս թողարկումը նկարահանելիս, Նազենին հենց սկզբից շատ լարված էր, ես դա հասկացա կադրից դուրս տված իմ շատ անմեղ հարցերին տրվող նյարդային պատասխաններից: Լարված ասեցի, հիշեցի էլի օրերս պատահած մեկ ուրիշ հանդիպում մեկ ուրիշ սրճարանում, էս անգամ կորած-գտնված ընկերուհուս հետ: Ասում եմ կորած գտնված, որովհետեւ իմ էդ ընկերուհուն ես տարիներ շարունակ չէի տեսել, ու հանկարծ հանդիպեցի լրիվ պատահաբար, մի միջոցառման ժամանակ: Ու՞ր ես, ինչ ես անում, հարցրի: Գնանք սրճարան, պատմեմ, ասեց: Գնացինք: Պարզվեց` ընկերուհիս աշխատանքի էր անցել կազինոյում: Ու ընկել էր լրիվ նոր աշխարհ: Պատմում, պատմում էր դրա մասին: Էդ աշխարհի բնակիչների մեջ շատ են պատգամավորները, գործարարները, նաեւ` շոու/հեռուստաբիզնեսի դեմքերը: Գալիս են կազինո` դարդերից ցրվելու: Դարդերի՞ց, գուցե հարցնեք դուք: Այո, դարդերից: Ընկերուհուս պատմածի մեջ ամենահետաքրքիր պահը հենց էդ էր` որ կազինո գնացողները, շատ փոքր բացառություններով, երկու կրկնվող հատկանիշ ունեն` ա. հարուստ են բ. դարդոտ են: Փողը, մանավանդ քիչ թե շատ մեծ փողը, էնքան էլ հանգստության տրամադրող բան չի: Մեծ փողը մեծ ջանքեր ա պահանջում որ ձեռք բերես, մեծ ջանքեր ա պահանջում որ պահես: Բացի էդ, մեծ փողը իրա հետ մեկ ուրիշ քաջ հայտնի կարուսել ա բերում` կանայք, էլի կանայք, ուրիշ կանայք, տղամարդիկ, էլի տղամարդիկ, ուրիշ տղամարդիկ… Ես շեղվեցի մի քիչ ոնց որ թե: Բայց ամեն դեպքում, էս տեքստիս վերնագիրը որոշեցի դնել սենց`

ՆԻՀԱՐ ՊԱՏԱՆՅԱԿԸ ՆԱԶԵՆՈՒ ՏԱՂԱՎԱՐՈՒՄ կամ ՄԵԾ ՓՈՂԵՐԻ ԴԱՐԴՈՏ ՈՐՍՈՐԴՆԵՐԸ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել