Մեծ Բրիտանիայի Արեւելյան Սասեքս կոմսության Բրայթոն քաղաքից 27-ամյա Էլիս Բարթոն-Բրեդֆորդը մահացել է դատարկ ստամոքսին ալկոհոլ խմելուց հետո՝ առանց որեւէ բան ուտելու:

Ինչպես պատմում է The Mirror թերթը, Էլիսի մոտ սկսվել է հազվագյուտ բարդություն՝ ալկոհոլային կետոացիդոզ: Դա սովորաբար առաջացնում է սրտխառնոց, փսխում կամ որովայնի ցավ, սակայն հազվադեպ կարող է մահվան ելքով ավարտվել, ինչպես դա տեղի է ունեցել Էլիսի հետ:

Էլիսի ընկերներն ասել են, որ նա սիրում էր սպորտով զբաղվել, վազել եւ հեծանիվ քշել:

«Դա ահավոր ցնցում էր: Ոչ ոք նման բան չէր սպասում: Ես մինչ նրա մահը երբեք չէի լսել ալկոհոլային կետացիդոզի մասին: Մենք չգիտենք, թե ինչքան է նա խմել այդ հանգստյան օրերին, բայց նա հարբեցող չէր: Նա չի կերել, եւ դրա պատճառով նրա ստամոքսում բարձր թթվայնություն է առաջացել»,- ասում է 30-ամյա Ահարոն Մալվեյը, ով Էլիսին ճանաչում էր ութ տարի:

Կորոնավիրուսի պատճառով Էլիսի ընկերները չեն կարող մասնակցել նրա հուղարկավորությանը, ուստի նրանք այժմ գումար են հավաքում հիշատակի նստարան տեղադրելու համար այն ժայռի գագաթին, որտեղ նա մշտապես զբոսանքի էր տանում իր շանը: Քրաուդֆանդինգային արշավի շնորհիվ նրանց հաջողվել է հավաքել գրեթե հազար ֆունտ: Նրանք հույս ունեն ոչ միայն արժանին մատուցել Էլիսի հիշատակին, այլեւ հասարակության ուշադրությունը հրավիրել ալկոհոլային կետոացիդոզի խնդրի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել