1in.am-ը գրում է.

Այսօր մայրաքաղաքային 9 և 10 համարի տրոլեյբուսների վարորդները գործադուլ էին հայտարարել՝ իրենց վերադասներից պահանջելով վերանայել ամենօրյա պլանի չափը: Այս երթուղիների պլանը 12.5 և 14 հազարից դարձել է 25 և 28 հազար: 

Մոտավորապես մեկ ժամ առաջ Նոր Նորք վարչական շրջանի Գայի արձանի հարևանությամբ՝ Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի դիմաց, մոտավորապես 10-15 տրոլեյբուսների վարորդներ կանգնեցրել էին իրենց տրոլեյբուսները՝ հայտարարելով գործադուլ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տրոլեյբուսների վարորդներից մեկն ասաց, որ տրոլեյբուսի ուղեվարձի սակագինը բարձրացել է 100%-ով, որի արդյունքում 100%-ով բարձրացել է նաև իրենց պլանը: Նրա խոսքով՝ այս օրերի ընթացքում՝ հուլիսի 20-ից հետո, միայն մեկ անգամ է կարողացել վճարել 28 հազար դրամ պլանը, մնացած օրերի ընթացքում պարտք է մնացել, քանի որ չեն կարողացել այդ գումարը հավաքել:

«Մանավանդ այսօր բոլորը 50 դրամ են տալիս և իջնում: Ի՞նչ կարող ենք անել, մեր ներվերի հաշվին ենք անում»,- ասաց վարորդը: 

Վարորդներից մյուսն ասաց, որ «Չվճարեք 150 դրամ» ակցիայի մասնակիցների հորդորների արդյունքում մարդկանց կրքերը բորբոքվում են և սկսում են վարորդների հետ կռվել, հրմշտել, «արա»-ով դիմել, որն անդրադառնում է իրենց հոգեբանության վրա և չեն կարողանում այդ վիճակով աշխատել: 

9 համարի տրոլեյբուսի վարորդներից մեկն էլ ասաց՝ ինչքա՞ն կարող են դիմանալ քաղաքացիների բռնությանը և նվաստացված կարգավիճակին:

Գործադուլի ընթացքում նրանց միացան «Չվճարեք 150 դրամ» ակցիայի ներկայացուցիչներ, որից բուռն բանավեճ ծագեց վարորդների և ակտիվիստների միջև. ակտիվիստները վարորդներին փորձում էին համոզել միանալ իրենց, իսկ վարորդները չէին համաձայնում: Վարորդները գնալով ավելի էին շատանում, երբ նրանց միացավ ավտոպարկի տրոլեյբուսների շահագործման բաժնի պետ Սերգեյ Սողոմոնյանը և կոպտելով լրագրողներին՝ փորձեց հասկանալ, թե ինչ է կատարվում: Այդ ժամանակահատվածում գործադուլի կազմակերպիչ վարորդներից մեկը պատասխանեց հեռախոսազանգի, ապա վրդովվեց, բարկացավ: Լրագրողների հարցին՝ ի՞նչ է պատահել, պատասխանեց. «Նա էլ մեզ նման մարդ է», ապա գոռգոռալով նստեց տրոլեյբուսի ղեկին, քշեց և հեռացավ: 

Քիչ ուշ Սերգեյ Սողոմոնյանին միացավ ավտոպարկի մեկ այլ ներկայացուցիչ՝ Հրաչ Հարությունյանը, ով հերթով բոլոր վարորդներին հորդորեց քշել և գնալ: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: 

Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել