Երկու դեպքում էլ Ադրբեջանը նախահարձակ եղավ, երկու դեպքում էլ մեր բանակը տվեց արժանի հակահարված։ Եվ վերջ, սրանով ավարտվում են այս դեպքերի նմանությունները։
Ապրիլյան պատերազմի ժամանակ շատ արագ Հայաստանի Հանրապետությունը ռազմական հաղթանակը վերածեց դիվանագիտական եւ քարոզչական հաղթանակի, աշխարհը դատապարտեց Ադրբեջանի ագրեսիան, Մինսկի խմբի օրակարգ մտավ մոնիտորինգի մեխանիզմների ներդրման հարցը, որը կկանխեր հետագա բախումները։
Տավուշի դեպքերից հետո Հայաստանի Հանրապետությունը կրեց եւ շարունակում է կրել խայտառակ դիվանագիտական եւ քարոզչական պարտություն։ Սա նշանակում է, որ թեեւ հայկական բանակը հաղթեց մարտերում, բայց Հայաստանը պարտվեց։ Ի վերջո, բոլոր տեսակի պատերազմները ավարտվում են դիվանագիտական պրոցեսներով, եւ եթե այնտեղ պարտվում ես, ապա բանակի հաջողությունը քիչ բան է նշանակում։
Այն ժամանակ, երբ բանակը ետ էր մղում թշնամուն, պետության մնացած օրգանները զբաղված էին իրենց ընթացիկ հակաժողովրդական գործառույթներով՝ դիմակների համար ձեռնաշղթաներ էին հագցնում, սահմանագծում փիառվում էին, Աժ-ում վտանգավոր օրենքներ էին ընդունում, խաղաղություն էին քարոզում, նոր կոռուպցիոն սխեմաներ էին մշակում՝ նաեւ հաշվի առնելով բանակի գործոնը, քֆուրով ստատուսներ էին գրում, եւ այլն։ Մի խոսքով, պետությունը չէր մասնակցում պատերազմին, միայն բանակն էր դիմագրավում թշնամուն։
Երբ խորանում ես իշխանությունների բացած դիսկուրսի մեջ՝ Տավուշի դեպքերի եւ ապրիլյանի համեմատության առնչությամբ, հասկանում ես, որ պետական ապարատի օժանդակությունը բանակին ավարտվում է տրուսիկներով ու ելակով, իսկ բանակին հաղթանակներին նա չի կարողանում տեր կանգնել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/3338779819516452
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել