Հիփ-հոփ կատարող Քանյե Ուեսթը, ով առաջադրվել է ԱՄՆ նախագահի թեկնածու, առաջին հանդիպումն է ունեցել ընտրողների հետ:
Քանյե Ուեսթի հանդիպումը տեղի է ունեցել Հարավային Կարոլինայի «Exquis Event Center» սրահում: Ընտրողների հետ հանդիպմանը ռեփերը գնացել է «Security» գրառմամբ զրահաբաճկոնով:
Իր ելույթում նա անդրադարձել է միջազգային առևտրին, արտոնագրային իրավունքին և հղիության արհեստական ընդհատումներին: Նա նաև պատմել է, որ հայրը չէր ցանկացել, որ ինքը ծնվեր, սակայն մայրը որոշել էր չընդհատեր հղիությունը:
«Ինձ փրկել է մայրս: Հայրս ցանկանում էր, որ նա ընդհատեր հղիությունը: Այդ դեպքում չէր լինի Քանյե Ուեսթ»,- պատմել է ռեփերը և արտասվել՝ հիշելով 2007 թվականին մոր մահը՝ պլաստիկ վիրահատությունից առաջացած բարդությունների պատճառով:
Միաժամանակ Քանյե Ուեսթը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ում չարժե արգելել հղիության արհեստական ընդհատումները, փոխարենը պետք է երկրում խրախուսել ծնելիությունը, աջակցել ապագա մայրերին: