Politik.am-ը գրում է․
RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի երեկվա հայտնի գրառումը կարելի է դիտարկել հայ-ռուսական պաշտոնական հարաբերությունների առնչությամբ Կրեմլի կողմից արտահայտված ոչ պաշտոնական տեսակետ։
Հիշեցնենք, Մարգարիտա Սիմոնյանը այն լրագրողն էր, ով կրեմլյան իր աղբյուրների փոխանցած տեղեկություններով հստակ ասել էր, թե Մեդվեդեւի հրաժարականից հետո ով կդառնա Ռուսաստանի վարչապետ։ Անհրաժեշտ է նաև նկատել, որ Սիմոնյանի գրառման բովանդակությունը կրկնող հոդվածներով հանդես եկան ռուսական քարոզչամեքենայի ամենահայտնի ռեսուրսները «Լենտա» և «Գազետա» պարբերականները։
Եվ ուրեմն, եթե փորձենք վերլուծել, ապա Մարգարիտա Սիմոնյանը (իմացիր՝ Կրեմլը նրա բերանով) հստակ իր վիրավորանքն ու վրդովմունքն է արտահայտում Հայաստանի գործող իշխանությունների հանդեպ եւ արձանագրում, որ երկու տարի շարունակ հակառուսական գործողությունները Հայաստանում, որոնք արվել են Փաշինյանի կաբինետի կողմից, չեն մոռացվել եւ հիմա արդեն դրանց պատասխան տալու ժամանակն է։
Ուշագրավ է, որ Մարգարիտա Սիմոնյանը հստակ տարանջատում է մտցնում իշխանության եւ ժողովրդի միջեւ։ Ի դեպ նախօրեի ծիրանի պատմությունը եւս, այդ մեսիջն ուներ իր մեջ․ Կրեմլի համար Հայ ժողովուրդն այլ է, Հայաստանի գործող թավշիստների իշխանությունները՝ այլ։
Եթե անկեղծ լինենք, ապա կես զանգը բավարար էր, որպեսզի «Ֆուդ սիթիի» խնդիրը լուծվեր, սակայն չարվեց, հասկացնելու համար շատ բաներ Հայաստանի իշխանություններին, հատկապես, երբ Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել Կարապետյանի կողմից լուծվեց ստեղծված խնդիրը։
Ի վերջո, «Ֆուդ սիթիում» կատարվածը ազգային խտրականության հիմքի վրա մի գործողություն էր, որը քրեորեն պատժելի է ռուսական օրենսդրությամբ։
Վերադառնանք գրառմանը։ Մարգարիտա Սիմոնյանի գրառման տոնայնությունից, բառապաշարից եւ շեշտադրումներից կարելի է հստակ արձանագրել, որ Ռուսաստանին չես վախեցնի այլեւս նույնիսկ Հայաստանում ձեւավորվելիք հակառուսական տրամադրություններով, ինչից կարելի է եզրակացնել, որ նույնիսկ եթե վաղը հարց բարձրացվի ռուսական բազան հանել Հայաստանից, Մոսկվան իր բազան կհանի ու արդեն Հայաստանի իշխանությունների պատասխանատվության տակ կմնա բազայի հանելուն հետեւելիք բոլոր զարգացումների բոլոր հետեւանքները։
Այսինքն, Մոսկվան չափազանց կոշտ քաղաքականություն է որդեգրել եւ ոչ մի կերպ չի հանդուրժի Փաշինյանական շանտաժները։ Նաեւ՝ Ռուսաստանն ունի բազայի հանելու այլընտրանքը։
Ի դեպ, այն, որ Սերգեյ Լավրովը Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ է Հայաստանի ընթացիկ կացության մասին քննարկում ունենում, էլի շատ բանի մասին է խոսում։