Ծնվում են, որ շնչեն ու հասկանան` ինչ մեծ օրհնություն է լիաթոք, անդիմակ շնչելը, հիվանդանում են, որ գիտակցեն` որքան կարևոր է առողջ լինելը, ու էդ մի պարզ բառի մեջ որքա՜ն երջանկություն կա:
Ծնվում են, որ զգան ծովաջրի աղահամն ու արցունքի մեջ ծովեր ունենան, ծնվում են, որ արևներին ծիծաղեն ու ջերմանան նրանով, ծնվում են, որ ամենաանելանի պահին մեկին օգնեն, որ մի օր էլ, ասես «պատահաբար», իրե՛նց ձեռք մեկնեն, ծնվում են, որ երգեն ու տարածվեն, որ թռչեն ու երազեն, որ ծնունդ տան ու հավերժանան, որ հետք թողնեն` սիրո,նվիրումի ու բարության..
Մարդիկ ծնվում են, որ շնորհակալ լինեն` ամեն վայրկյանի, ապրածի ու անգամ ցավածի համար, Սիրելու օրհնությունն իրենց մեջ կրելու համար:
Ես էնքան շնորհակալ եմ իմ ապրած վայրկյանի համար...շնորհակալ եմ կարոտների անդունդի համար, որ անտակ է թվում, ու ինձ հա ստիպում սիրով լցնել այն, շնորհակալ եմ ինձ ողորմած իմ Հավատքի համար` Տիրոջ օրհնությունն ու Խաչի զորությունն ունենալու համար, շնորհակալ եմ շարականների համար, որոնք հոգիս են լցնում ու ամոքում, շնորհակալ եմ այն Հայրենիքի համար, որն ինձ հանգիստ չի տալիս` բարդ երեխայի նման, ու ստիպում է ինքս ինձ անընդհատ վերանայել, հղկվել, փոխվել... անընդհատ ինքս ինձ ճանաչել ու հոսել. չլճանալ, շնորհակալ եմ ՆՐԱ երգի ու լեռան ծաղկի, քաղցր ջրերի, նրա Գոյության համար, շնորհակալ եմ Հայաստան աշխարհի անպարտելի որդիների համար!!!
...շնորհակալ եմ իմ`մեծագույն օրհնության համար`Ընտանիքիս, որով ծնվեցի, որով ապրեցի, որի կարոտով էլ կգնամ...
և շնորհակալ եմ Ընկերներիս, որ երակովս կյանք են ներարկում ամեն վայրկյան, ուսով հենք դառնում,սրտանց ուրախանում, ցավում կամ կարեկցում:
Էնքա՜ն շնորհակալ եմ:
Հ.Գ. Ծնունդները կգան ու կգնան, կմնա Մարդը` իր ստեղծածով ու պահածով:
Պինդ մնանք, միասնական ու հավատով. շնորհակալ լինենք...
38.- ից հետո հասկանում ես, որ մի 5 օրվա կյանք է մնացել... ու արժի ամեն օրդ ապրել հազար տարվա խտությամբ...#nazenihovhannisyan #2020
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել