Armtimes.com-ը գրում է․

Տասնյակ ադրբեջանցիներ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներով, «Ղարաբաղը մերն է», «Ղարաբաղը մերն է լինելու» վանկարկումներով բողոքի ցույց են իրակացրել Լոնդոնում տեղակայված Հայաստանի դեսպանության դիմաց, թեեւ այդքան էլ պարզ չէ, թե Տավուշի սահմանին կատարվող իրադարձությունները ինչ կապ ունեն Ղարաբաղի հետ: Հայերն էլ իրենց հերթին, որպես բողոք հայ-ադրբջանական սահմանին ծավալվող ռազմական գործողությունների, իրենց ձայնն են բարձրացրել Լոնդոնի փողոցներում: Արդյունքում՝ սկսվել է վեճ, քաշքշոց, այնուհետ ծեծկռտուք, կա տուժած:

Թվիթերում հայտնվել են ծեծկռտուքից կադրեր եւ մեկնաբանություններ այն մասին, որ ադրբեջանցիներն են հարձակվել Լոնդոնում ապրող հայերի վրա, քաղաքացիներից մեկը վնասվածքներ է ստացել:

Իրավիճակին միջամտել է բրիտանական ոստիկանությունը, վեճը հանդարտվել է, սակայն բողոքի ակցիաները շարունակվել են դեռ մի քանի ժամ: Ցուցարարները վանկարկումներ են արել եւ բողոքել դեմ դիմաց, նույն փողոցում:

Հիշեցնենք, սա առաջին դեպքը չէ, որ ադրբեջանցիները ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերում հայերի նկատմամբ: Ընդամենը մեկ օր առաջ Մոսկվայի շուկաներից մեկում 2 ադրբեջանցիներ, գնելով 3 արկղ հայկական ծիրան, տրորել էին այն, տեսագրել ու հրապարակել ընթացքը: Անհասկանալի այս նախաձեռնությունը համացանցում զավեշտի պատճառ էր դարձել, որոշ տեղեկությունների համաձայն՝ ծիրանն էլ իրականում թուրքական է եղել, ոչ թե հայկական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել