Hetq.am-ը գրում է․

Այսօր ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ կոչ անելով, մասնավորապես, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից, տեղի չտալ սադրանքներին եւ խուճապային տրամադրության ձեւավորմանը, ձեռնպահ մնալ տեղեկատվական ցանկացած հարթակում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, մտացածին օգտատերերի կողմից հրապարակվող չճշտված ու չհաստատված տեղեկությունների տարածումից: 

Ծառայությունը հաղորդագրության հետ տարածել է մի տեսանյութ, որում ադրբեջանական լրատվամիջոցների նյութերի ու սոցցանցի օգտատերերի գրառումների շարքում ներկայացրել է նաեւ «Հետքի» երեկվա հրապարակումը Տավուշի սահմանապահ Այգեպար գյուղի հրետակոծության մասին (տես ստորեւ): Նյութը վերնագրված է՝ «Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը»: Դատելով ԱԱԾ-ի հաղորդագրության տրամաբանությունից՝ այս հրապարակումն իբր խուճապային տրամադրություն է ձեւավորում:

109565470_3574046745956926_.jpg (93 KB)

ԱԱԾ-ն փորձում է լրատվամիջոցի գրաքննիչի դեր ստանձնել, ինչից հորդորում ենք զերծ մնալ:

«Հետքը» հրապարակել է խաղաղ բնակչության դեմ հակառակորդի կողմից սանձազերծված գործողության (հրետակոծման) մասին հավաստի ինֆորմացիա: Մեր լրագրողները եղել են տեղում՝ Այգեպարում: Հրապարակումից ժամեր անց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ադրբեջանը թիրախավորել է Տավուշի մարզի Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար սահմանամերձ գյուղերը, հրետակոծել Բերդ քաղաքը: Հուլիսի 13-ին էլ ՄԻՊ Արման Թաթոյանն էր նշել Մովսես եւ մի շարք այլ խաղաղ բնակավայրերի անմիջական հարեւանությամբ ադրբեջանական կողմի գնդակոծության, այդ քաղաքացիական բնակավայրերի, նրանց բնակիչների առողջության, կյանքի ու սեփականության համար իրական վտանգի մասին: Խաղաղ բնակավայրերի դեմ իրականացված ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր են հարուցվել ՀՀ քննչական կոմիտեում:

Ահա այս պարագայում, երբ պատկան մարմինները հանդես են գալիս պաշտոնական հայտարարություններով, իսկ լրատվամիջոցը զուգահեռաբար, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, իր ընթերցողներին հաղորդում է ճշտված եւ հավաստի ինֆորմացիա հակառակորդի հանցագործությունների մասին, ԱԱԾ-ն ինչ-որ խուճապային տրամադրություններից է խոսում:

Փաստորեն, ըստ ԱԱԾ-ի «երկաթյա տրամաբանության», եթե խաղաղ բնակավայրերի հրետակոծության մասին հայտարարում է որեւէ պաշտոնյա, ապա լուրը հավաստի է, ենթակա անվերապահ հավատալու, իսկ եթե անկախ լրատվամիջոցը՝ ուրեմն այն խուճապ է ստեղծում:

Իսկ գուցե ԱԱԾ-ն մեդիագրագիտության պակաս ունեցող ֆեյսբուքյան շատ օգտատերերի պես միայն վերնագիրն ու առաջին լուսանկա՞րն է նայում՝ իրեն նեղություն չտալով ծանոթանալ այդ նույն նյութի բովանդակությանը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է. «Բնակիչները հանգիստ են, նրանք խուճապի չեն մատնվել»:

ԱԱԾ-ին եւ նրա ղեկավարությանը ընդամենը կհիշեցնենք կամ կիրազեկենք, որ «Հետքն» ունի պատերազմական գործողությունները լուսաբանելու տասնամյակների փորձ՝ սկսած Արցախյան ազատագրական պատերազմից, Ապրիլյան քառօրյայից, վերջացրած բանակում տեղի ունեցող իրադարձություններով:

Եթե ԱԱԾ-ն խուճապի է մատնվում հրետակոծությունից հետո ծխացող տան կադր տեսնելիս, ինչպիսիք եղել են ծառայության ուշադրությունը գրաված մեր հրապարակման մեջ, ապա կհիշեցնենք 2016 թ. ապրիլին ադրբեջանցիների կողմից Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում խաղաղ բնակիչների հանդեպ կատարած հանցագործության վերաբերյալ մեր հրապարակումը, որը հետագայում ՀՀ-ն պետական մակարդակով օգտագործեց Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում: Որտե՞ղ էր այն ժամանակ ԱԱԾ-ն, ինչու՞ չէր խոսում խուճապից:

Պատահական չենք համարում նաեւ թե՛ 2016-ի ապրիլին, թե՛ ներկայում ադրբեջանական կողմից մեր կայքի վրա շարունակաբար կազմակերպվող կիբերգրոհները: Պատճառը շատ պարզ է. «Հետքի» հրապարակումները հակառակորդի հանցագործությունների մասին վնասակար են բացառապես Ադրբեջանին: 2016-ի փորձը վկա:

Հարգելի ԱԱԾ, մեր խորհուրդը ձեզ. մեզ լրագրություն մի սովորեցրեք, մենք մեր անելիքը շատ լավ գիտենք, մեր գործի հիմքում մեր փորձն ու լրագրողական սկզբունքներն են, որոնք ամրագրված են էթիկայի մեր կանոնագրում: Փոխարենը ձեզ խորհուրդ կտանք այսպիսի հաղորդագրություններ տարածելուց առաջ/փոխարեն արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ ադրբեջանցի հաքերների հարձակումներից պետական կառույցների կայքերը պաշտպանելու եւ քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքը համացանց թույլ չտալու համար: 

Առայժմ այսքանը:    

Հ.Գ. Այս արձագանքը դեռ պատրաստում էինք հրապարակման, երբ ԱԱԾ-ն էլեկտրոնային փոստով նոր հաղորդագրություն տարածեց՝ նշելով. «Խնդրում ենք մեր տարածած նախորդ հաղորդագրությունը եւ տեսանյութը չհրապարակել, քանի որ վերջիններս խմբագրման կարիք ունեն»։ Ծառայության պաշտոնական կայքում եւս հաղորդագրությունը ջնջվել է:

Լուսանկարում՝ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել