Ոսկու տենդը ոսկու զանգվածային արտահանումն էր, որը տարածված էր Ամերիկայում 19-րդ դարում: Սկիզբ առնելով ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգից՝ այն տարածվեց Կանադայում և Լատինական Ամերիկայում: Մարդիկ, որոնք նախկինում շարքային քաղաքացիներ էին և օրվա աշխատավարձով էին ապրում, ուղևորվում էին դեպի «կլոնդայք»՝ ոսկու կտոր գտնելու: Նրանք մեծ հույսեր ունեին հարստանալու և իրենց երազանքներն ի կատար ածելու: Սակայն պատահել է նաև դեպք, երբ մարդը պատահաբար ոսկի է գտել և դրանով փոխել իր երկրի պատմության ողջ ընթացքը:

Դեպքը տեղի է ունեցել 1979 թ. Բրազիլիայում: Ժոզե դա Սիլվա անունով հովիվը գետում, որն իր գործատուի հողի վրա էր, գտավ ոսկու բնակտոր, ապա այն տվեց գործատուին: Մի քանի օր անց հողատերը Ժոզեին փոխանցեց մի տուփ գումար, որով Ժոզեն ու կինը կարող էին իրականացնել իրենց երազանքը՝ փոքրիկ տնակ կառուցել: Հենց այդ օրվանից էլ սկսվեց բրազիլական Սերա Պելադա մեծ հանքի պատմությունը:

Մեկ ամսում այնտեղ այցելեցին հարյուրավոր մարդիկ, որոնք տարածքում թանկարժեք մետաղ էին որոնում: Հանքում միաժամանակ առանց սարքավորումների աշխատում էր ավելի քան 20,000 մարդ: Մարդիկ հորեր էին փորում, աստիճաններ կառուցում, ոսկի հավաքում: Տարիներով այնտեղ աշխատանքներ էին իրականացնում բազմաթիվ մարդիկ: Ոսկին նրանց համար դարձել էր թմրամիջոց, որից չէին կարողանում ազատվել: Այդ մարդկանց չէին վախեցնում հակասանիտարական պայմանները, բաց երկնքի տակ կյանքն ու անորոշ ապագան: Պարբերաբար տարածքում տեղի էին ունենում վեճեր և հանցագործություններ, հայտնվում էին բանդաներ:

Մի քանի տարում հանքահորը մի քանի կմ խորություն ձեռք բերեց, իսկ մարդիկ այնտեղից դուրս բերեցին շուրջ 50 տոննա ոսկի: Գտնված թանկարժեք մետաղի հիմնական մասը հարմար գնով գնում էր պետությունը, ապա վաճառում այն այլ պետությունների: Այդպես Բրազիլիան վճարեց պարտատեր պետությունների բոլոր արտաքին պարտքերը: Շնորհիվ Ժոզեի գտածոյի՝ ոչ միայն Բրազիլիան շահեց, այլև շատ մարդիկ կարողություն ձեռք բերեցին: Պիկը տեղի է ունեցել 1983 թ., երբ Սերա Պելադան ավելի շատ ոսկի էր տալիս, քան երկրի մյուս բոլոր հանքերը: Հանքում աշխատանքները շարունակվեցին մինչև 1986 թ., երբ մարդիկ լքեցին այն:

Այսօր հանքը լքված է և լի ջրով. այն մեծ լճի տեսք ունի: Ըստ մասնագետների գնահատականների՝ այնտեղ դեռ ավելի քան 50 տոննա ոսկի կա, սակայն պետությունը գնել է դրանք և միայն մի քանի հոգու է թույլատրում որոնել ոսկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել