1932 թվականի նոյեմբերին Սոֆիայում, Հայկ Ասատրյանի խմբագրությամբ, «Խռովք» իմաստասիրական-գիտական ամսագրի հրատարակումով ազդարարվեց հայկական ցեղային-վերանորոգչական շարժման սկիզբը:
      Ի՞նչ խնդիրներ էր առաջադրում «Խռովքը»:
   Հայոց անցյալի ողբերգականությունը պայմանավորող ենթակայական գործոնների մեջ մատնանշելով նաև այն, որ «մեր կյանքի և գործի մեջ գիտականություն չմտցրինք»«Խռովքը» նպատակ էր դնում իրականացնել հետևյալ առաջադրությունները.
ա) Համակարգել հայ իմաստասիրական մտքի արդյունքները, այսինքն՝ վեր հանել հայ իմաստասիրության գծերն ու մշակել նրա պատմությունը և ներգործությունը: Ուսումնասիրել նաև հայ կյանքում առկա հոգևոր խմորումները և վերլուծել գործող հայ հոսանքների գաղափարաբանությունը:
բ) Հոգեբանորեն կազմակերպել հայության ինքնապաշտպանության գործը, որի համար՝ վերծանել հայոց հոգեբանական առանձնահատկությունները, միջոցներ առաջարկել մեր հոգեբանական թերությունները սրբագրելու և առավելությունները համահայկականացնելու: 
գ) Մշակել հայոց պատմության փիլիսոփայությունը: Գիտական ուսումնասիրության նյութ դարձնել Հայկական Բարձրավանդակը:
դ) Արժեքավորել հայոց հնագույն և նորագույն ազատագրական կռիվները, գտնել մեր պատմության զարգացման տրամաբանությունը, մատնանշել հայոց քաղաքական-հասարակական վերածնության ուղիները:
   Ցավոք, «Խռովքը» լույս տեսավ ընդամենը մեկ համար, որում ամփոփված լրջախոհ հոդվածների զգալի մասը մնաց շարունակելի: Հատկապես հիշատակելի է Գ. Նժդեհի «Ցեղակրոնությունն իբրև հաղթանակի զորույթ» հոդվածը, որը Ցեղակրոն ուսմունքի վերաբերյալ մեզ հայտնի առաջին հրապարակումն է:
  Չնայած կարճ ընթացքին` «Խռովքը» էական դեր ունեցավ հայկական ցեղային շարժման համար: Այս պարբերականում «հստակորեն բնութագրված է ցեղակրոնությունը, ուրվագծված է տարոնականությունը և առաջադրված է վերանորոգչական շարժումը»«Խռովքի» առաջադրությունները խթան հանդիսացան Ցեղակրոն և տարոնական շարժումների ծավալման և դրանց գաղափարաբանությունների ձևավորման համար:
   «Խռովքի» օրգանական շարունակությունն է «Ցեղ և Հայրենիք» հանդեսը, որը հիմնականում Հայկ Ասատրյանի, ինչպես նաև Ներսես Աստվածատուրյանի ջանքերով սկսեց լույս տեսնել Սոֆիայում 1936թ.-ի «Ցեղ և Հայրենիք»-ի և 1938 -ից հրատարակվող «Տարոնի արծիվ»-ի միջև:

   Սակայն, ինչպես և պետք էր սպասել, շուտով հալածանք կազմակերպվեց «Ցեղ և Հայրենիք»-ի դեմ՝ կապված Հ. Ասատրյանի և ՀՅԴ ղեկավարության հարաբերությունների սրման հետ, ու ընդամենը երեք համար լույս տեսնելուց հետո հանդեսը փակվեց:
   Հանդեսի վերնագիրն արդեն վկայում է, որ նրա գաղափարաբանության հիմքում ընկած են Ցեղի և Հայրենիքի հավիտենարժեք գաղափարները: Գաղութահայ կյանքի ողբերգական վիճակը պայմանավորելով հայության մեջ հաղթանակի կամքի կորստով, նրանում հանրապարտադիր բարոյականի չգոյությամբ՝ «Ցեղ և Հայրենիք»-ը կարևորում էր այն ճշմարտությունը, թե իր կյանքի առօրյան իր գոյության հավիտենականին կապելու բարոյականը և իմաստությունը չունեցող ժողովուրդը դառնում է հոգևոր խաժամուժ:
   «Կվիճենք, որովհետև տկար ենք: Կչարախոսենք, որովհետև չենք առաջնորդվի ներցեղային բարոյականի սկզբունքներով», - գրում է հանդեսը՝ խնդիր դնելով մեր ներքին տկարությունների հաղթահարումը և համահայկական բարոյականի գործադրումը:
   Այն հայության ուշադրությունը սևեռում է երկու ճշմարտության վրա ևս. «Սեփական ես-ի մեջ տեսնել իր դժբախտության պատճառները և սեփական ոգու մեջ որոնել իր հզորանքի գաղտնիքը»:
   «Ցեղ և Հայրենիք»-ի գերխնդիրը հայրենազուրկ գաղթահայության մեջ հայրենատեր դառնալու կամքի մշակումն է: «Ա՛յս է, որ պիտի քարոզենք, ասոր համա՛ր է, որ պիտի մաքառենք, ասոր վրա՛ է, որ պիտի ջանանք կենտրոնացնել հայ մտավորական ընտրանիի և նոր սերունդի ուշադրությունը»:
  Ձգտելով առաջ բերել հոգևոր-բարոյական  հեղաշրջում, հանդեսը նախապայման է տեսնում՝ «Ցեղ» ըմբռնման հարազատացումը սփյուռքահայ կյանքում, քանզի «Ցեղն է բոլոր աստվածներու, մարդկային ողջ կյանքի արմատը և չափանիշը», Ցեղի կամքը՝ մեր պատմության առաջնորդը:
    «Թո՛ղ ամեն հայ գիտենա, որ մենք Ցեղեն և հայրենիքեն դուրս ամե՛ն գաղափար, ամե՛ն արժեք, ամեն երջանկություն ու ամե՛ն իմաստ կժխտենք», - գրում է հանդեսը, որով՝ հայն ու Հայաստանը հաստատագրում իբրև բացարձակ և գերակա արժեքներ:
    «Ցեղ և Հայրենիք»-ը իր էջերում տպագրում էր  արժեքավոր ուսումնասիրություններ Հայկական բարձրավանդակի վերաբերյալ, տալիս սահմանումային և ծագումնաբանական ծանոթություններ Ցեղի մասին, վերագնահատում մեր պատմության առանձին դրվագներ, ներկայացնում գաղթահայությանը վերաբերող հարցրեր և այլն: Նրա էջերում հանդես էին գալիս Հայկ Ասատրյանը, Ներսես Աստվածատուրյանը, հայ խոշոր տնտեսագետ (կոոպերացիայի տեսաբան), պրոֆ. Վահան Տոմոյանցը, դոկտ. Պերճ Հաճոլյանը (մասնագիտությամբ բժիշկ), բանաստեղծ և ուսուցիչ Օնիկ Զարմունին (իսկական ազգանունը՝ Փանիկյան) և ուրիշներ:
   «Ցեղ և Հայրենիք»-ը փորձել է արժեքավորել նաև Գ. Նժդեհի տեսական ժառանգությունը և Ցեղակրոն շարժումը: Այս տեսակետից ուշագրավ են Հ. Ասատրյանի խորհրդածությունները Նժդեհի «Ամերիկահայությունը - Ցեղը և իր տականքը» գրքի վերաբերյալ (դրանք, ցավոք, կիսատ են մնացել) և Օ. Զարմունու «Ցեղակրոնությունը և գաղթաշխարհի հայ երիտասարդությունը» հոդվածը:

«Ցեղակրոն և Տարոնական շարժումները»
Մուշեղ Լալայան, Եր., 2011

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել