Հոլիվուդյան դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլին գովաբանել է իր 15-ամյա դստերը՝ Զահարա Ջոլի Փիթին ՝ նրան անվանելով «արտասովոր աֆրիկուհի», գրում է Harper’s Bazaar-ը։
«Ես նրանից շատ բան եմ սովորել։ Նա արտասովոր աֆրիկուհի է»,- ուգանդացի կլիմայական ակտիվիստ Վանեսա Նիկատեի հետ զրույցում ասել է դերասանուհին՝ ընդգծելով, որ մեծ հիացմունքով է հետևում, թե դուստրը որքան կապված է իր երկրի և մայրցամաքի հետ։
Ավելի վաղ Ջոլին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում մոլեգնած բողոքի ցույցերի ֆոնին մտավախություն էր հայտնել, որ իր 15-ամյա դուստրը «համակարգային ռասիզմի և խտրականության» զոհ կարող է դառնալ։
«Աշխարհում ավելի քան 70 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը պատերազմի և հետապնդումների պատճառով, և Ամերիկայում կա ռասիզմ և խտրականություն։ Համակարգը, որը պաշտպանում է ինձ, սակայն մաշկի գույնի պատճառով չի պաշտպանում իմ դստերը կամ մեր երկրում ցանկացած այլ տղամարդու, կնոջ կամ երեխայի, անհանդուրժելի է»,- ասել էր նա։
Դերասանուհու խոսքով՝ ոստիկանությունում չարաշահումների դադարեցումը համակարգային ռասիզմի և անպատժելիության խնդրի լուծման միայն սկիզբն է։ Ռասիզմի դրսևորումն առկա է ոչ միայն ոստիկանական համակարգում, այլ մեր կյանքի բոլոր ոլորտներում՝ կրթական համակարգից մինչև քաղաքականություն։
Անջելինա Ջոլին և նրա նախկին ամուսին, հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը Զահարա Ջոլի Փիթին որդեգրել են Եթովպիայից՝ 2005 թվականին։