1in.am-ը գրում է.
Կոմունիստները ցանկանում են բարդացնել ԱՊՀ երկրներից ներգաղթյալների մուտքը Ռուսաստան: Ինչպես հաղորդում է «Իզվետսիա»-ն, խմբակցությունը պատրաստել է օրինագիծ, որը ԽՍՀՄ նախկին հանրապետությունների քաղաքացիներին պարտավորեցնում է աշխատանքային արտոնագրեր ստանալ: Դրանց թվում են Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը (Մերձբալթյան երկրների, Վրաստանի և Թուրքմենիայի քաղաքացիների համար արտոնագրերն արդեն գործում են): Բացառություն կկազմեն միայն Մաքսային միության անդամ երկրները՝ Բելառուսն ու Ղազախստանը:
Այժմ ԱՊՀ երկրների քաղաքացիները պարտավորված չեն աշխատանքային արտոնագիր ստանալ Ռուսաստանում աշխատելու համար: Դրա համար նրանց անհրաժեշտ է աշխատանքի թույլտվություն։
«Կարծում եմ՝ մեր երկրում հասունացել է միգրացիոն հարցը: Մեր ռուսական աշխատանքային ռեսուրսներն ուղղակի անմրցունակ են: Տեղի է ունենում աշխատատեղերի կրճատում և տեղական բնակչության աշխատանքի արժեզրկում: Եվ պետք չէ մեզ պատմել, որ Մոսկվայում այժմ աշխատում է 200 հազար ներգաղթյալ: Օրինական միգուցե 200 հազար են: Սակայն բավական է դուրս գալ փողոց և նայել շուրջը՝ մենք կույր չենք: Մայրաքաղաքում այժմ աշխատում է շուրջ 2 միլիոն գաստարբայթեր»,- ասել է օրինագծի հեղինակներից՝ Ազգություների հարցերով Պեդումայի կոմիտեի նախագահի տեղակալ Վալերի Ռաշկինը:
Օրինագծին կցված գրառման մեջ ասվում է, որ դրա ընդունումը կնպաստի Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների, ինչպես նաև ներգաղթյալների օրինական շահերի և իրավունքների արդյունավետ պաշտպանությանը, ինչպես նաև կնպաստի ԱՊՀ երկրների մերձեցմանը Եվրասիական տնտեսական ընկերակցության, Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության շրջանակներում: