Այսօր 31 համարի ավտոբուսում
***
- Էս ի՞նչ են էս ակտիվիստներն անում, համբալավարի մտնում, գոռում են մեր վրա, յանի մենք մարդ չենք, բա էդ անելու բա՞ն ա:
Հանում եմ ականջակալներս ու ուշադիր, ժպիտը դեմքիս նայում եմ վարորդին:
- Ինչի՞ ես ժպտում:
-Ուղղակի... Կանգառում կկանգնեք,-պարզ պահում եմ 100-անոցը:
- Պարզ ա` ինչի էիր ժպտում: Անունդ ի՞նչ ա, դո՞ւ էլ ես ակտիվիստ:
- Անյա, լրագրող եմ, ու մենք ակտիվիստ չենք, մենք քաղաքացի ենք ուղղակի, քաղաքացիական հասարակության նորմալ անդամ: Ասեմ Ձեզ, որ որևէ իրավական ակտ չկա, ըստ որի 150 պիտի վճարեն, երիտասարդներն էլ լավ գործ են անում` պայքարում են իրենց իրավունքների համար:
- Հա, բայց տե՞նց: Մենք էլ ենք քաղաքապետարանի առաջ կանգնել, բողոքել, ինչի՞ են մեզ հետ թշնամու պես վարվում... Հենա նայի (հանում է թղթապանակը), էս առաջվա պլանը` 38.000 դրամ, էս հիմիկվա` 54.000, գիտես մեզ դո՞ւր ա գալիս:
- Ոչ, չեմ կարծում, բայց գոնե այդ 50 դրամը որ վերցնում եք, Ձեզ պահեք, ոչ թե գծի տիրոջ գրպանները լցրեք:
- Հա բա մենակ էդ 50-ն էլ պահում ենք... Էդ ա իմ փողը, մնացածը ձեռիցս առնում են...
- Մի քիչ էլ դիմացեք, փոխելու են, կտեսնեք:
- Առաջ Աստված, Անյա ջան...
- Բայց ես Ձեզ, միևնույնն է, 100 եմ տալու, ոչ մի անձնական բան, պարզապես սկզբունք է:
Փակում է ձեռքս ու կողք տանում ժպտալով.
- Այ մարդ, թարգի, իջի, լավ ա լինելու:
- Հաստատ, կտեսնեք:
Ժպտացի ես` ձեռքում սեղմելով այդ 100 դրամը:

***
Ժպտացինք երկուսս էլ, ու դա նշանակում էր, որ հաղթանակը մերն է լինելու: Ոչ թե «ակտիվիստներինը», ոչ թե վարորդներինը, այլ մեր ընդհանուր ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ հաղթանակը, և այդ հաղթանակն ավելի մոտ է, քան կարող եք պատկերացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել