«Իրատես» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ կառավարությանը ներկայացրած օրենսդրական փաթեթը, ինչը գործադիրը երեկ է հաստատել, նախատեսում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգ ստեղծել: Ըստ այդմ, արտակարգ դրության պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպությունների կառավարումը, անկախ սեփականության ձեւից, անցնում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին, այսինքն՝ առողջապահության նախարարությանը։
Բացառություն են կազմում միայն պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունները։ Բացի այդ, նախատեսվում է արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել առողջապահության նախարարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Ավելի պարզ ասած՝ արտակարգ դրության ժամանակ հանրապետությունում գործող բժշկական բոլոր հաստատությունները, բացառությամբ պաշտպանության նախարարության հոսպիտալների, ժամանակավորապես անցնում են առողջապահության նախարարությանը, եւ նախարարն է որոշում, թե տվյալ հիվանդանոցն ինչի պետք է ծառայի: «Իրատեսը» իմքայլական մի պատգամավորից հետաքրքրվեց. «Հիմա էլ մասնավո՞ր հիվանդանոցներին եք անցնում, նույնիսկ սեփական հիվանդանոցները չեք կարողանում կառավարել, մասնավորների կառավարու՞մն ինչպես եք հորով-մորով անելու»:
«Ձեր ասածի հետ չհամաձայնել չեմ կարող, այո, իսկապես բարդ է լինելու: Թեեւ այժմ մասնավոր ԲԿ-ների տնօրենները լռում են, բայց ակնհայտ է, որ նախաձեռնությունն իրենց սրտով չէ: Հանուն արդարության ասեմ՝ հիվանդանոցի հանձնում-ընդունում անելն այդքան էլ հեշտ ու կարճատեւ գործընթաց չէ, այն մինչեւ մեկ ամիս կարող է ձգվել, անկողնային պարագաներից մինչեւ բժշկական ձեռնոց ու ներարկիչներ պետք է գույքագրել, իսկ դա խաղ ու պար չէ:
Չգիտեմ՝ այս իրավիճակում ինչքանով էր ճիշտ նման որոշում կայացնելը, բայց իմ խորին համոզմամբ, հիվանդանոցի տնօրենը շատ ավելի լավ գիտի իր ղեկավարած կառույցի հնարավորությունները, քան պետության կողմից նշանակված մեկ այլ անձ: Ուղղակի պետք է կառավարչական հմտություններ բանեցնել, բանակցել, լեզու գտնել մասնավոր հիվանդանոցների ղեկավարության հետ ու այդ կերպ ԲԿ-ները ներառել համավարակի դեմ տարվող աշխատանքներում»,- նշեց մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: