168.am-ը գրում է․

Փաստաբան Արամազդ Կիվիրյանի կարծիքով՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով պետական տուրքի ավելացումն այդքան էլ իրավաչափ չէ:

Նախագծի ընդունման արդյունքում նախարարությունն ակնկալում է համապատասխանեցնել դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերը ներկայումս հաստատված սոցիալ-տնտեսական ցուցանիշներին: Նախագծի հակիրճ բնութագրում ասված է, որ կառավարվող փոփոխություններով ու լրացումներով ակնկալվում է բարձրացնել արդարադատության արդյունավետությունը:

«Այսօր դատարաններում քննվող մեծածավալ գործերը բանկային, վարկային, կոմունալ ոլորտում սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացված հայցադիմումները, որոնք ուղղված են քաղաքացիների դեմ: Այո, նրանք վճարում են այդ պետական տուրքը, սակայն, երբ նրանց հայցը բավարարվում է, այդ վճարված պետական տուրքը՝ որպես դատական ծախս, դրվում է մյուս կողմի վրա, այսինքն՝ այն քաղաքացիների վրա, որոնք, օրինակ, ի վիճակի չեն եղել կատարել իրենց վարկային պարտավորությունները, բանկի նկատմամբ պարտավորությունները կամ այլ պարտավորություններ»,- 168 TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արամազդ Կիվիրյանը:

Նրա խոսքով՝ անուղղակիորեն փորձ է կատարվում որոշ չափով սահմանափակել անձանց մուտքը դատարաններ. «Այսինքն՝ հաշվի առնելով, որ դատարաններն այսօրվա դրությամբ ծանրաբեռնված են, բայց դատարանները նման ճանապարհով չեն բեռնաթափվում: Ասել՝ եկեք՝ պետական տուրքն ավելացնենք, որ այն քաղաքացիները, որոնք ի վիճակի չեն այդ պետական տուրքը վճարել, թող չգան և մուտք չգործեն դատարան, դա նշանակում է՝ զրկել անձին դատարանի մատչելիության իրավունքից, և դա արդարացված չէ»:

Փաստաբանի տպավորությամբ՝ պետական մարմինները կարծես թե գտնվում են «մրցավազքի» մեջ, թե ով ավելի լավ օրենք կընդունի, որով գումարներ կսկսեն գնալ դեպի պետական բյուջե:

Անդրադառնալով փաստաբանների նկատմամբ ճնշումներին՝ նա ասաց, որ ճնշումները տարբեր ձևերով են դրսևորվում. «Այս հարցազրույցից հետո, որտեղ ես իրավական գնահատական եմ տալիս այս կամ այն հարցի առնչությամբ, որոշ մարդկանց մոտ տպավորություն կստեղծվի, թե ես քաղաքական դիրքորոշումներ եմ արտահայտում: Դա այդպես չէ, սակայն այդ ճնշումները սոցիալական ցանցերում, անձնական նամակներով հենց այդպես են ձևավորվում: Այդ անձինք չեն գիտակցում, որ մենք բարձրաձայնում ենք այն խնդիրները, որոնք կան՝ անկախ նրանից, թե ինչպիսի իշխանություն է: Մենք այդ խնդիրները բարձրաձայնել ենք այն ժամանակ, բարձրաձայնում ենք հիմա և բարձրաձայնելու ենք մշտապես, եթե դրանք լինեն: Եթե հիմա այն օրենսդրական ուղղությունը, որը բռնել է մեր իշխանությունը, մեզ համար ընդունելի չէ, և մենք բացասական էլեմենտներ ենք տեսնում, բնականաբար, դա բարձրաձայնելու ենք և չենք լռելու»:

Հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ են իրավաչափ ոստիկանության գործողությունները,  դիմակ չկրելու, ճիշտ չկրելու, անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում քաղաքացիներին ասֆալտին փռելու, նրանց բերման ենթարկելու գործողությունները։

«Եթե մեկ բառով ասեմ՝ իրավաչափ չեն: Ինչ վերաբերում է դրա իրավական մեխանիզմներին, ինձ համար դրանք ընդունելի չեն: Իմ կարծիքով՝ ոստիկանությունը պետք է ապահովի անձանց անվտանգությունը, ոչ թե տվյալ դեպքում կամակատար հանդիսանա: Եթե անհրաժեշտություն կա այս կամ այն անձին ենթարկել վարչական պատասխանատվության, ապա պարտադիր չէ անձին պառկեցնել ասֆալտին, բերման ենթարկել ոստիկանություն՝ կիրառելով անհամաչափ ուժ»,- ի պատասխան՝ ասաց նա՝ ընդգծելով, որ ոստիկանությունը պետք է ավելի հանդուրժող լինի:

Այսօր ԲԴԽ-ն մերժեց Արդարադատության նախարարի միջնորդությունը դատավոր Ալեքսանդր Ազարյանին   կարգապահական  պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Փաստաբանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք սա դատական իշխանության անկախացման ցուցիչ կարող է դառնալ։

Մեր հարցին Արամազդ Կիվիրյանը դրական պատասխան տվեց. «Այո, կարող է, և ես շատ ուրախ եմ, որ ԲԴԽ-ն կայացրեց արդարացի որոշում, որովհետև այսօրվա դրությամբ պարոն Ազարյանի նման դատավորներն են, որոնք արդարադատության հիմնասյուներից են, և նման դատավորներն են, որոնք անկախ իրավիճակներից, քաղաքական զարգացումներից՝ իրենց տեղում են և իրականացնում են արդարադատություն»:

Դատական համակարգը, ըստ նրա՝ ենթարկվում է ճնշումների. «Չգիտեմ՝ երբ այդ ճնշումներից կազատվեն դատավորները: Որ ասեմ՝ դատական համակարգը գտնվում է իդեալական վիճակում, իհարկե ոչ: Կան դատավորներ, որոնք, ինչպես նշեցի՝ իրականացնում են արդարադատություն, սակայն նաև դատական համակարգն այսօր չի գտնվում այն բարձր մակարդակի վրա, որը կարող ենք ակնկալել: Նախ՝ ՍԴ-ի հետ կապված «բարեփոխումները» կրում են բացառապես քաղաքական բնույթ, ինչ վերաբերում է դատական համակարգի բարեփոխումներին՝ իմ մտավախությունն է, որ այնտեղ էլ նմանատիպ «բարեփոխումներ» իրականացնեն, այսինքն՝ ոչ թե հասնեն նրան, որ դատարանները լինեն անկախ, այլ կայացնեն այնպիսի դատական ակտեր, որ իրենց անհրաժեշտ և ձեռնտու է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել